Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդը |
ՔՈՒՆ ԵՎ ԵՐԱԶՆԵՐ (Մաս III)
Արդյո՞ք մարդիկ մտածում են քնած ժամանակ: -Ինչպես արդեն գիտենք, մարդու հոգեկան կյանքն ընթանում է մի շարք մակարդակներում` անգիտակցական, ենթագիտակցական և գիտակցական: Բացառություն չի կազմում նաև հոգեկան ամենաբարդ և մարդու կյանքում կարևորագույն դեր կատարող գործընթացներից մեկը` մտածողությունը: Այն կարող է ընթանալ և ամեն րոպե ընթանում է ոչ միայն գիտակցական, այլև ենթագիտակցական մակարդակներում: Քանի որ երազները ենթագիտակցական հոգեկան գործընթացներ են, և դրանցում մեծ դեր են խաղում նաև մտածական գործողությունները, ապա մենք կարող ենք խոսել երազային յուրահատուկ մտածողության մասին: Ամենից առաջ պայմանավորվենք, որ, մտածողություն ասելով, հոգեբանը հասկանում է ներհոգեկան այնպիսի գործողություններ, որոնց նպատակը որոշակի խնդիրներ լուծելն է: Հոգեբանության բնագավառում կատարված հիմնարար հայտնագործություններից մեկն այն է, որ մարդու հոգեկանում ընթանում են նաև չգիտակցված հոգեկան գործողություններ, իսկ դրանց շարքում` ենթագիտակցական մտածողություն: Երբ մենք արթուն և գիտակցված վիճակում որևէ խնդիր ենք ձևակերպում և սկսում ենք վերլուծել նրա պայմանները, համադրել դրանք, վերհիշել անհրաժեշտ գիտելիքները կամ սովորել նորը` խնդրի լուծումը գտնելու նպատակով, ապա միշտ չէ, որ դա մեզ հաջողվում է միանգամից: Եթե խնդիրը բարդ է, ապա մենք ընդհատում ենք դրա լուծման ընթացքը, անցնում այլ գործերի, հանգսանում ենք, քնում, որոշ ժամանակ անց կրկին ձեռնամուխ լինում նրա վերլուծությանը: Պարզվում է, որ երբ խնդրի լուծման ուղղությամբ մեր մտածական աշխատանքը գիտակցորեն դադարեցնում ենք, ապա դա չի նշանակում, թե նրա լուծման գործընթացը լիովին դադարում է: Այն շարունակվում է և´ արթուն վիճակում, և´ քնած ժամանակ, սակայն ենթագիտակցորեն, առանց գիտակցական վերահսկողության: Ենթագիտակցական մտածողությունը, որը նույնպես իրագործվում է վերլուծության, համադրության, համեմատության և այլ մտածական գործողությունների օգնությամբ, լրացնում, առաջ է շարժում կատարված գիտակցական աշխատանքը: Եթե հիշում եք, Դ. Մենդելեևը քիմիական տարրերի պարբերական աղյուսակի վերջնական տարբերակը երազում էր տեսել: Երազային մտածողությունը հիմնականում պատկերավոր է, բայց հանդիպում են նաև խոսքային և սիմվոլային մտածողության դեպքեր: Եթե, օրինակ, երազ տեսնողը պատմում է, թե ինչպես էր որևէ բան բացատրում երազի մեկ այլ գործող անձի, ապա իր երազային խոսքի վերարտադրությունը, որի մեջ կան դատողություններ և մտահանգումներ, վկայում է, որ նա երազում մտածել է: Լինում են երազներ, որոնցում մարդիկ մաթեմատիկական պարզ հաշվարկներ են կատարում, իսկ թվերի հետ կատարվող գորողությունները, ինչպես գիտենք, նույնպես մտածական գործընթացներ են: Ինչ վերաբերում է պատկերավոր մտածողությանը, ապա երազներում այն դրսևորվում է ամենատարբեր ձևերով: Այն, ինչի մասին ցերեկը մենք մտածում ենք խոսքի, վերացական հասկացությունների օգնությամբ, երազում կարող է ձևափոխվել մտապատկերների զուգորդությունների այնպիսի շղթաների, որոնք ունեն իրենց ուրույն տրամաբանությունը: Վերջինս նպատակահարմար է հոգետրամաբանություն անվանել: Արդյոք մարդիկ կարո՞ղ են ստեղծագործել երազներում: -Այո´, դա միանգամայն հնարավոր է, և կան համոզիչ փաստեր, որոնք վկայում են, որ շատ երազներում կարող են նույնիսկ լուրջ նշանակություն ունեցող հայտնագործություններ կատարվել: Արդեն այն փաստը, որ քնած մարդը մտածում է, մեզ թույլ է տալիս ենթադրել, որ նա այդ վիճակում կարող է նաև իմացական նոր արդյունքներ ստանալ, այսինքն` ստեղծագործել: Կան շատ հայտնի փաստեր, որոնցից մեկ-երկուսն այստեղ արժե հիշատակել: Քիմիկոս Կեկուլեն բենզոլի կառուցվածքային բանաձևի իր որոնած պատկերը տեսել է երազում, սեփական պոչը կծող օձի տեսքով, ապա արթնացել ու գրի է առել: Տվյալներ կան այն մասին, որ դանիացի ականավոր ֆիզիկոս Նիլս Բորը ատոմի մոլորակային մոդելը, մի փոքր այլ կերպ սիմվոլացված, տեսել է երազում, արթնացել ու կռահել է, թե ինչպես պետք է պատկերել ատոմի կառուցվածքը: Կան բավականին մեծաթիվ փաստեր երգահանների, բանաստեղծների ու գրողների կյանքից: Երազներում ստեղծագործելու հնարավորությունների մասին ճիշտ պատկերացում կազմելու համար պետք է նկատի ունենալ առնվազն հետևյալ երեք հանգամանքները, որոնք հիմնարար նշանակություն ունեն երազների և ենթագիտակցության հոգեբանության համար. ա)Մենք կարողանում ենք հիշել և վերարտադրել մեր երազների միայն չնչին մասը, հետևաբար բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ խնդիրների լուծման ստեղծագործական գործընթացներ երազներում անհամեմատ ավելի շատ են լինում, բայց դրանք մեր գիտակցության համար անհայտ են մնում, բ)Քնի օրթոդոքսալ փուլերը հագեցված են հիմնականում անպատկեր տրամաբանական մտածողությամբ, որի արդյունքները ևս անհայտ են մնում` բացի քնախոսության համեմատաբար հազվադեպ գրանցվող դեպքերից, գ)Երազները, ինչպես արդեն գիտենք նախորդ հարցերի պատասխաններից, շատ հաճախ իրենցից ներկայացնում են ամբողջական սյուժեներ, շատ նման են թատերական ներկայացումների, դրանք թատերգություններ են` գրված մեր ենթագիտակցական «ես»-ի կողմից: Քանի որ երազներ տեսնում են բոլորը, ապա միանգամայն հասկանալի է, որ արթուն վիճակում ստեղծագործական ընդունակություններից նույնիսկ միանգամայն զուրկ մարդիկ քնած ժամանակ` հատկապես քնի պարադոքսալ փուլերում, ինչ-որ չափով ստեղծագործում են: | |
Դիտումներ: 718 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |