Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդը

Քուն և երազներ (Մաս I)
Այսպիսով, մարդու կյանքը հոգեվիճակների հերթափոխություն է: Դրանք հիմնականում երկուսն են` արթնություն և քուն: Արթուն վիճակն ունի իր մակարդակները` սկսած աղոտ գիտակցության աստիճանից մինչև արտաքին անձի հստակ գիտակցումը: Քնած վիճակը նույնպես միօրինակ չէ: Քնած մարդն, անկախ իր կամքից, անցնում է այդ ընդհանուր վիճակի մեկ փուլից մյուսին` մինչև արթնանալը: Հետազոտությունները պարզել են, որ գոյություն ունի քնի երկու տեսակ, այսինքն՝ քնած վիճակի երկու ենթատեսակ. «դանդաղ» (կամ «օրթոդոքսալ») և «արագ» («պարադոքսալ» կամ «երազային») քուն: «Արագ» քնի փուլերում, որոնք զբաղեցնում են մարդու գիշերային քնի մոտավորապես 20-22 տոկոսը, աչքերն արագ շարժումներ են կատարում և, ինչպես պարզվում է, քնածը հիմնականում տեսողական պատկերներից կազմված երազներ է տեսնում: Նա ունենում է նաև լսողական, շոշափելիքի և այլ զգայություններ, սակայն գերակշռում են տեսողական պատկերները: Այս պատճառով էլ ավանդաբար ասում են, որ մարդը «երազ է տեսնում», բայց չեն ասում, թե նա «երազ է լսում», թեև հոգեբանորեն դա ևս ճիշտ է: «Դանդաղ» քնի փուլում ևս կան հոգեկան ապրումներ, բայց դրանք հիմնականում անպատկեր են և, ինչպես ենթադրում են, ունեն վերացական մտածողության բնույթ: Հենց այս փուլում է, որ որոշ թվով քնած մարդիկ բարձրաձայն խոսում են` շարունակելով քնած մնալ:
Կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր երազներ չեն տեսնում:
Ոչ, այդպիսի մարդիկ չկան: Բոլոր նրանք, ովքեր քնում են, երազներ են տեսնում: Մեր վերապահությունը պայմանավորված է նրանով, որ թեև քնի և արթնության հերթափոխությունը բնության օրենք է, սակայն լինում են նաև բացառություններ. եղել են և այսօր էլ կան փոքրաթիվ մարդիկ, ովքեր չեն քնում, ինչպես մյուսները և լավագույն դեպքում որոշ ժամանակ հայտնվում են օրթոդոքսալ քնի առաջին՝ մակերեսային փուլում: Դա, անշուշտ, նորմալ հոգեկան գործունեությունից կատարվող շեղում է, երբեմն` ուղեղի այն բաժինների ախտահարման հետևանք, որոնք ապահովում են քնի և արթնության վիճակների հերթափոխությունը: Այսպիսով, այն բոլոր մարդիկ, ովքեր գոնե մի քանի ժամ կարողանում են քնել և հայտնվում են քնի «պարադոքսալ» փուլերում, անպայման երազներ են տեսնում և այն էլ` բավականին մեծ քանակությամբ: Երազ տեսնելն անհրաժեշտ է հոգեկան առողջության պահպանման համար: Իսկ ինչո՞ւ են ոմանք պնդում, թե իբր երազներ չեն տեսնում: Այո, հաճախ է պատահում, երբ մարդուն հարցնում ենք, թե արդյոք անցած գիշեր երազներ տեսել է և նա պատասխանում է. «Այս գիշեր ես շատ խորն եմ քնել և երազ չեմ տեսել»: Իրականում նա տեսել է երազներ և այն էլ շատ, բայց չի հիշում դրանք: Բանն այն է, որ արթնանալուց հետո երազները (փոքրաթիվ բացառություններով) արագորեն մոռացվում են, այնքան արագ, որ նույնիսկ մտապահելու ցանկության դեպքում մենք հազիվ կարողանում ենք առանձին պատառիկներ հիշել: Եթե մարդը քնում է 7-8 ժամ, ապա մեկ գիշերվա ընթացքում 4-5 անգամ հայտնվում է քնի երազային («արագ») փուլում և, անկասկած, երազներ է տեսնում: Քանի որ նա չի արթնանում, այդ երազներն առավոտյան հիմնականում մոռացվում են: Մենք կարող ենք հիշել միայն քնի վերջին արագ փուլի ընթացքում տեսած երազը:
Ինչո՞ւ են երազներն այդքան արագ մոռացվում:
Քնից արթնանալուց հետո մարդկանցից շատերը կա´մ համոզված պնդում են, թե երազներ չեն տեսել, կա´մ էլ ասում են, որ զգում են, որ երազներ տեսել են, բայց թե ինչ` չգիտեն, չեն հիշում:

Երազները մեծ մասամբ իսկապես շատ արագ մոռացվում են: Ինչու. ամենից առաջ նշենք, որ ինչպես և ցերեկային տպավորությունները կամ ձեռք բերված գիտելիքները, երազները նույնպես, որպես մեր հոգեկանի բովանդակություններ, ենթակա են մոռացման: Բայց տեղեկությունների մոռացումը միշտ նույն կերպ չի կատարվում: Այստեղ մեզ հետաքրքրող երևույթները լավ հասկանալու համար նկատի ունենանք մոռացման երկու տեսակ` բացարձակ և հարաբերական: Բացարձակ մոռացում ասելով` մենք նկատի ունենք այն երևույթը, երբ ընկալված տեղեկությունները և մեր ապրումները անմիջապես կամ կարճ ժամանակ անց իսպառ ջնջվում են մեր հիշողությունից, երբ դրանք մեր ուղեղում ոչ մի կերպ չկան, որևէ հետք չեն թողել: Ավելի հաճախ տեղի ունի այն, ինչ մենք հարաբերական կամ ժամանակավոր մոռացում անվանեցինք: Այս դեպքում գիտելիքը կամ տպավորությունը կա մարդու գլխում, նրա հիշողության խորքերում, բայց նա չի կարողանում գիտակցորեն, իր ցանկությամբ վերհիշել այն, տեղափոխել իր գիտակցության ու վարքի ոլորտը:

Հաճախ է պատահում, որ մենք գիտենք, որ ինչ-որ բան գիտենք, բայց չենք կարողանում այդ «ինչ-որ բանը» բերել մեր գիտակցության դաշտ: Կամածին վերարտադրության մեխանիզմն այսպիսի դեպքերում չի աշխատում կամ միանգամից չի աշխատում: Բայց պարզվում է, որ երբ մեր առջև խնդիր ենք դնում ինչ-որ տպավորություններ կամ նախկինում սովորած գիտելիքներ բերել մեր գիտակցության ոլորտ, ապա որոշ ժամանակ անց, այդ գիտելիքն, իսկապես, կարծես ինքնաբերաբար, հայտնվում է մեր գիտակցության մեջ: Երազները նույնպես ենթարկվում են հիշողության աշխատանքի հոգեբանական օրենքներին: Պարզվում է, որ մեր տեսած երազները չեն քայքայվում ու մոռացվում, այլ որպես ենթագիտակցական կապակցված սյուժեներ, երազային բեմերի վրա ներկայացվող յուրահատուկ թատերական գործողությունների շարք, տպավորվում ու մնում են մեր հիշողության խորքերում: Որոշ պայմաններում դրանք լրիվ կամ հատվածաբար կարող են վերարտադրվել: Բայց ավելի հաճախ երազները ոչ միայն մոռացվում են, այլ նույնիսկ մեծ ջանքերի գնով հնարավոր չի լինում դրանք վերհիշել: Ինչու. պարզվում է, որ պատճառները մի քանիսն են:

1. Դրանք, ինչպես ասացինք, հիմնականում տհաճ ապրումներ են, լի հետապնդման տեսարաններով, ագրեսիայով, սարսափով և այլն: Իսկ ինչը տհաճ է, ավելի վատ է հիշվում, քան հաճելին, այն, ինչը մարդուն թույլ է տալիս իր մասին դրական պատկերացում կազմել: Մարդիկ գործում են ըստ հաճույքի սկզբունքի. ամենուրեք ձգտում են հաճույք ստանալ և խուսափել տհաճություններից ու տառապանքներից: Կան, իհարկե, նաև մազոխիստներ, ովքեր տառապանք են որոնում և տառապելիս էլ հաճույք են ստանում, բայց մարդկանց մեծամասնությունը հաճույքի սկզբունքի հետևորդ է:

2. Երազների արագ մոռացման երկրորդ պատճառը հետևյալն է. արթնանալիս մարդու զգայարաններն սկսում են ակտիվորեն ընկալել արտաքին աշխարհը, նա վերհիշում է իր հոգսերն ու իրեն ներկայացվող պահանջները, և այս ամենն արագորեն լցնում է նրա գիտակցության ոլորտը: Կան երազները լավ և վատ հիշող մարդիկ: Հավանաբար, ոմանց համար իրենց երազների բովանդակություններն ավելի ընդունելի են, քան մյուսների համար, այդ պատճառով էլ արտամղման մեխանիզմը նրանց հոգեկանում տաբեր արդյունավետությամբ է աշխատում: Շարունակելի...
Կատեգորիա: Մարդը | Ավելացրեց: Admin (10.04.2012)
Դիտումներ: 746 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

View: / Added by: / Date: