Գլխավոր էջ » Հոդվածներ » Դեղաբույսեր

Խնկածաղիկ սովորական

Խնկածաղիկ սովորական 


Խնկածաղիկ սովորական - Душица обыкновенная - Origanum vulgare L.

Հայկական տարանունները զվիրակ, թորթ, թորթիկ, կատավան, սևածաղիկ, օրիկանոն

Դեղաբույսի նկարագրությունը: Խուլեղինջազգիների կամ շրթազգիների ընտանիքին պատկանող, 30-60 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է: Ունի ճյուղավորված, սողացող կոճղարմատ, քառանիստ, կարմրամանուշակագույն ցողուն, տերևները հակադիր են, երկարավուն-ձվաձև, ամբողջաեզր կամ ատամնավոր, թավոտ, ծաղիկները ծիրանագույն են, մանր, միասեռ կամ երկսեռ, անուշաբույր: Պտուղը բաղկացած է կլոր, դարչնագույն 4 սերմիկներից: Ծաղկում է ողջ ամռան ընթացքում, պտղակալում` օգոստոս-սեպտեմբերին: Տարածված է մեր հանրապետության չոր անտառային և հովտային մարգագետիններում, անտառների բացատներում, գետահովիտներում և այլուր` տեղ-տեղ ստեղծելով տարածուն բուսուտներ: Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր: Նախընտրում է սննդանյութերով հարուստ և գրեթե չեզոք ռեակցիայի հողերը: Բազմանում է սերմերով, արմատամասերով և ցողունակոթուններով: ''Օռիգանոն'' անունն ունի հունական ծագում. նշանակում է լեռներ զարդարող. որը հաճախ է հանդիպում Արիստոֆանի, Արիստոտելի և Դիոսկորիդի աշխատություններում: Այլ մեկնաբանությամբ, այդ անունը նշանակում է տեսողություն լավացնող, քանի որ բույսը օգտագործվել է նաև այդ նպատակով:


Քիմիական բաղադրությունը: Բույսը պարունակում է մինչև 1,5% եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդներ, սեսկվիտերպեններ, գերանիլացետատ, տույոն, պիգմենտ, C վիտամին (ցողունի մեջ` 58, ծաղիկներում` 166, տերևներում 565 մգ%): Տերևներում հայտնաբերված է նաև կարոտին, իսկ սերմերում` մինչև 28% ճարպայուղ: Եթերայուղի 20-50%-ը կազմում են թիմոլը և նրա իզոմեր կարվակրոլը:


Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործվում է բույսի ամբողջ վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղիկները լրիվ բացվելուց հետո, չորացնում բացօթյա` լավ է կախված վիճակում: Այնուհետև տրորում են մետաղյա մաղի մեջ` ստանալով ծաղիկների և տերևների փոշետիպ խառնուրդը, իսկ ցողունային կոշտ մասերը հեռացնում են: Պատրաստի հումքը լավ պահպանման պայմաններում չի կորցնում պիտանելիությունը մինչև 3 տարի: Այն հոտավետ է, դառն ու դուրեկան համով: Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն` որպես մարսողությունն աշխուժացնող, աղիների ատոնիան և ստամոքսի սպազմը վերացնող միջոց: Լայնորեն օգտագործվում է նաև հեպատիտների, դեղնուկների, սուր և քրոնիկական բրոնխիտների, բրոնխէկտազիաների, հազի, ցավոտ դաշտանի, սեռական բարձր գրգռվածության դեպքերում:


 

Ավիցեննան, դեղաբույսը խառնելով այլ դեղամիջոցների հետ, օգտագործել է որպես հակափսխեցուցիչ միջոց: Ամիրդովլաթը ''սահթար'' անվան տակ, նշում է, որ այն օգտակար է ականջի ցավի, ատամնացավի, վերջույթների գանգրենայի, արցունքահոսության, ճիճվակրության, լերդացավի, սակավ դաշտանի, ստամոքսի հիվանդությունների, առատ քրտնարտադրության, կոքսալգիայի դեպքերում: Դեղաբույսը մեղրով ընդունելով, կտրում է հազը, լոգանքի ձևով` վերացնում միզակապությունը, էկզեման և մաշկի քորը: Քնելուց առաջ պարբերաբար օգտագործելով մեղրով` բերում է ''զորացն միտք և զգայունություն'':

 

Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ խնկածաղիկը կիրառվում է սուր և քրոնիկական բրոնխիտների, կապույտ հազի, նյարդային լարվածության, վատ ախորժակի ժամանակ, իսկ լոգանքների ձևով` մաշկի քորի և թարախային վերքերի բուժման համար: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը լայն ճանաչում ունի ցրտառական հիվանդությունների, հազի, թոքային պալարախտի, ռևմատիզմի, անդամալուծության, ընկնավորության, աղեխիթի և սակավ դաշտանի բուժման մեջ: Արտաքին ձևով օգտագործվում է գլխացավերի (լվացման եղանակով), գեղձախտի և մաշկային ցանավորումների ժամանակ: ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի եփուկը օգտագործվում է ստամոքսաաղիքային տրակտի, կոկորդի և կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Թուրմը տալիս են հոգեկան ընկճվածության, թախիծի և ընդհանուր կարկամածության ժամանակ, իսկ եփուկը` կոմպրեսի ձևով, դնում են թարախապալարների և ուռուցքների վրա: Չեխական ժողովրդական բժշկության մեջ խնկածաղիկը օգտագործվում է գլխացավերի և վերին շնչուղիների կատառի ժամանակ որպես ցավը հանգստացնող, հազը փափկացնող և քրտնամուղ միջոց: Գերմանիայում դեղաբույսը օգտագործում են կծկումնային չոր հազի և մարսողական տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ:


 

Ավստրիայում բույսի ջրաթուրմը և եթերայուղը օգտագործում են ներքին օրգանների կծկողական ցավերի, ընդհանուր գրգռվածության, վատ ախորժակի և մարսողական օրգանների որոշ հիվանդությունների ժամանակ: Ֆրանսիայում դեղաբույսի էսենցիան քսում են ռևմատիզմով ախտահարված հոդերին: Լեհաստանում բույսը` ներքին ընդունման ձևով, համարվում է ընդհանուր հանգստացնեղ, լեղամուղ և խուխամուղ միջոց: Հնդկաստանում խնկածաղիկից ստացվող եթերայուղն օգտագործվում է որպես օրգանիզմի որոշ ֆունկցիաներն ակտիվացնող և ընդհանուր կազդուրիչ միջոց: Դեղաբույսը օֆիցինալ է Չեխոսլովակիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ավստրիայում և մեզ մոտ: Իվանո-Ֆրանկովսկի բժշկական ինստիտուտում փորձնական եղանակով հիմնավորվել է դեղաբույսի ուժեղ միզամուղ հատկությունը, իսկ կլինիկորեն պարզվել է, որ այն ունի կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, խուխը արտազատող, ախորժակը լավացնող, մարսողությունը կանոնավորող, լեղամուղ և քրտնամուղ հատկություններ. օգտագործվում է առանձին, ինչպես նաև այլ դեղաբույսերի հետ, կազմելով որոշ փքահան, կրծքային և քրտնամուղ թեյերի բաղադրիչ մասերից մեկը: Խնկածաղկի եթերայուղն օգտագործվում է ատամնաբուժության պրակտիկայում որպես ախտահանիչ և ցավազրկող միջոց, միաժամանակ ցրտառական հիվանդությունների, շնչարգելության և օրգանների սպաստիկ (ջղաձիգ) վիճակի ժամանակ: Արտաքին ձևով այն օգտագործում են կոկորդի ողողումների, կոմպրեսների և լոգանքաջրերին բուրմունք տալու համար: Ըստ որում` հիմնավորված է դեղաբույսի հակամիկրոբային ակտիվությունը: Այն հակացուցված է հղիներին:

Ն. Գ. Կովալևայի տվյալներով, դեղաբույսը դրական է ներգործում հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, երիկամների որոշ ախտահարումների ժամանակ:

 

Մեր տվյալներով պարզվել է, որ քրոնիկական թերսեկրետոր գաստրիտով տառապող հիվանդների մոտ խնկածաղիկն ունի ցավը հանգստացնող և ախորժակը կանոնավորող հատկություն, միաժամանակ առաջ բերելով ստամոքսահյութի ժամային լարվածության և աղաթթվի դեբիտ-ժամի ավելացում, հյութի պրոտեոլիտիկ ակտիվության բարձրացում: Ջրաթուրմի 3-4 շաբաթ տևողությամբ ընդունումը, միաժամանակ, դրականապես է անդրադարձել այդ հիվանդների մոտ հաճախ արձանագրվող այնպիսի վեգետանևրոտիկ երևույթների վրա, ինչպիսիք են տախիկարդիան, հիպոտոնիկ վիճակը, գլխացավերը, անքնությունը, ապատիան (հոգեկան անտարբերությունը), քրտնոտությունը և այլն: Ստացված արդյունքն ավելի շոշափելի է դարձել, երբ խնկածաղիկը հավասար չափով զուգորդել ենք եզան լեզվի տերևների հետ: Այս հավաքածուն օգտագործել ենք թուրմի ձևով` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմելով 1 բաժակ եռման ջրում: Հիվանդներն այն ընդունել են օրվա մեջ 3 անգամ:

 

 

Կիրառման եղանակները; Ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ հումքը 15-20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում տաք վիճակում, կեսական բաժակ, օրական 3-4 անգամ` ուտելուց 15-20 րոպե առաջ, կամ 1 թեյի գդալ հումքը 2 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, կամ 10 գ հումքը 30 րոպե թրմում են 300 մլ եռման ջրում, ապա ըմպում 100-ական մլ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ, 3 տարի տևողությամբ` ընկնավորության ժամանակ, կամ 2 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա օրվա ընթացքում ընդունում 4 անգամ: Եփուկ պատրաստելու համար 10-15 գ հումքը եռացնում են 1 բաժակ եռման ջրում 10 րոպե, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ:

Ոգեթուրմը, որ հիմնականում օգտագործվում է ատամնաբուժության մեջ, պատրաստում են չոր հումքը 1/2-ի հարաբերությամբ` խառնելով 70 աստիճանի սպիրտի հետ: Այն ըմպում են նաև 20-ական կաթիլ` ջրով, օրական 3 անգամ: Փոշին շնչում են հարբուխի ժամանակ, կամ հենց մտցնում քթի խոռոչ: Յուղային մզվածք ստանալու համար մեկ բուռ հումքը 8 ժամ թրմում են 0,5 լ ձիթապտղի կամ արևածաղկի յուղի մեջ, ապա քամում: Ստացված դեղամիջոցը օգտագործում են ատամնացավի ժամանակ կամ ընդունում խմելու ձևով` 2-5-ական կաթիլ: Լոգանքի համար 50 գ հումքը խառնում են 1 դույլ եռման ջրին, ապա այն ավելացնում ընդհանուր լոգանքաջրին, կամ 100 գ հումքը թրմում են 2 լ եռման ջրում, ապա խառնում ընդհանուր լոգանքաջրին: Փքահան № 3 թեյի մեջ խնկածաղիկը հավասար չափով խառնված է երիցուկի հետ: Այն օգտագործում են թուրմի ձևով` 2 թեյի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո. ընդունում են 1-ական բաժակ` օրական 2 անգամ:

 

 

Կրծքային № 1 թեյի մեջ խնկածաղիկը, տատրակը և տուղտը իրար են խառնված 1:2:2 հարաբերությամբ: 1 ճաշի գդալ հումքը խառնում են 2 բաժակ եռման ջրին, թրմում 20 րոպե, ապա ըմպում կեսական բաժակ` 3 ժամը մեկ անգամ:

 

Քրտնամուղ № 2 թեյի մեջ ազնվամորու պտուղները, տատրակի տերևները և խնկածաղիկը իրար են խառնված 2:2:1 հարաբերությամբ, իսկ նույնատիպ № 4 թեյի մեջ, նույն հարաբերությամբ, իրար են խառնված ուռենու կեղևը, տատրակի տերևը և խնկածաղիկը: Այս թեյը օգտագործում են թուրմի ձևով, 2 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո ըմպում են միանվագ` որպես թեյ:

 

Այլ օգտակար հատկանիշներ: Խնկածաղիկը վերջին տասնամյակներում մշակում են ոչ միայն դեղորայքային, այլև որպես եթերայուղային և մեղրատու բույս: Տերևներն օգտագործվում են որպես համեմունք զանազան ճաշերի մեջ, խառնում են երշիկին, սալաթին և թեյըմպելիքներին: Եթերայուղը օգտագործվում է լիկյորի, թրմօղու և գարեջրի մեջ, ինչպես նաև պարֆյումերիայում: Տերևները փոխարինում են թեյին, դրանցով համեմում են կվասը, վարունգի թթուն: Ծաղկաբույլերով բուրդը ներկում են նարնջակարմիր: Եթերայուղն օժտված է միջատասպան հատկությամբ, այն փեթակից վանում է ցեցերին և մրջյուններին: Օգտագործվում է լաքերի և ներկերի արտադրության մեջ:


http://www.med-practic.com

Կատեգորիա: Դեղաբույսեր | Ավելացրեց: Admin (02.10.2013)
Դիտումներ: 4965 | - Վարկանիշ -: 1.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

View: / Added by: / Date: