Գլխավոր էջ » Հոդվածներ » Պոեմներ |
ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ
Կապույտ երկնքի խորությամբ արբած։ Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝ Ուրախ էինք մենք և մեր սիրտը— բաց։ Կանչում էր, կանչում ճամփան անմեկին Ոլորապտույտ մեր առաջ փռված։ Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ, Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ. Անցյալը կորել, ցնդել էր անհետ, Որպես երազում արձակած մի ճիչ։ Ո՛չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ՝ Կախարդել էր մեզ առավոտը ջինջ։ Պար էինք խաղում ու երգեր ասում, Զենքերի փայլով հրճվում էինք մենք։ Կարծես մանկական կապույտ երազում՝ Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ։ Ո՛չ հրաժեշտի անորոշ հուզում, Ո՛չ էլ մեռնելու կասկածանք կար նենգ։ Անսահման դաշտն էր փռված մեր առաջ։ Ոսկի հասկերով ողջունում էր մեզ Աշխարհի հեռուն՝ բա՜ց, լայնատարա՜ծ, Արևի շնչով լվացված կարծես։ Իսկ ճամփան, անծայր իրանը փռած, Թավալվում էր մի հսկա օձի պես։ Թեթև քայլերով ու սրտով թեթև Քայլում էինք մենք կայտառ ու ջահել։ Մեր հոգին ուներ թռիչքներ ու թև՝ Ո՞վ էր մեզ արդյոք այդպես հմայել... Նայում էին մեզ լեռները պարթև՝ Կոչո՛ւմն է նրանց— հավիտյա՛ն նայել։ [ էջ 81 ] Ուշ իրիկուն էր, երբ մի գյուղ մտանք։ Վրաններն արդեն զարկըված էին, Երբ նույնպես ուրախ, անհոգ, անվտանգ Բոլորեց իսկույն մեր շուրջպարը հին. Զնգացին նորից հազար երգ ու վանկ Եվ վերջին անգամ պղպջաց գինին։ Լուսնյակը արդեն բարձրացել էր վեր Եվ շուրջը փռել արծաթե մշուշ, Երբ հոգնած մտանք վրանները մեր, Խոտերի վրա պառկեցինք անուժ. — Է՜, բարի գիշեր, անգի՛ն ընկերներ,— Ու խոր քուն մտանք, քնեցինք անուշ։ II Եվ ուրախ էինք այսպես— երեք օր։ Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջ Մի ավեր ուղի, ուր անհուն ու խոր Մի տառապանքի խորշակ կար վառած։ Եվ կամաց-կամաց դարձավ վիրավոր Մեր հոգին ջահել ու բազմաերազ։ Երկինքն էլ կարծես փոխվել էր արդեն։ Անձրևներ էին մեր գլխին տեղում։ Ավերված ուղին փռված էր մեր դեմ՝ Իր ծայրը թաղած մեգ-մառախուղում։ Եվ երկնքի պես մեր հոգին էլ թեն՝ Անձրևների տակ մրսում էր, դողում։ Ճամփի մոտ ընկած տեսանք մի դիակ։ Կանգնեցինք, մի պահ նայեցինք իրար։ Փտել էր արդեն անձրևների տակ. Ի՞նչ ցեղից էր նա — այդ ո՞վ կիմանար։ Իր ապրած կյանքից ամեն հիշատակ Սրբել էր, տարել անձրևը վարար։ [ էջ 82 ] Երկա՜ր կանգնեցինք։ Մի զինվոր— ընկեր Դիակն հրելով, խնդաց խելագար։ Բայց չէ՞ որ նա՛ էլ կրել է զենքեր, Եղել է մեզ պես կյանքի սիրահար։ Ես մտածեցի՝ գնում ենք մենք էլ Այսպիսի դիակ դառնալու համար։ Եվ անցա առաջ։ Լեռներից անդին Երևաց հանկարծ արեգակը հուր։ Եվ ես մոռացա այն այլանդակ դին, Շնչեցի հողի թարմությունը խոր, Եվ նորի՜ց իմ բաց ու լցված սրտին Աշխարհը թվաց այնքան թա՜րմ ու նո՜ր։ Արևի ոսկի մատները իջան Ու գուրգուրեցին հեռուները թաց։ Հավիտյան վազող ու միշտ ժրաջան՝ Խոտերի միջից առվակը խնդաց։ Եվ թեթև՜ նետած սլաքի նման Դեմից մի թռչուն անցավ սրընթաց։ Ախ, այդ դաշտերի հեռո՜ւն ոսկեգույն, Այդ երկինքների կապո՜ւյտը պայծառ... Ամեն ինչ կարծես ասում էր հոգուն, Որ այս աշխարհում քմահաճ ու չար՝ Չըպետք է, որ մարդն հեկեկա անքուն— Աշխարհում մի օր ապրելու համար։ Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ, Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով։ Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ, Ամենքի համար կա մի վիշտ անթով — Էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքից Ահաբեկիչի խելագար խանդով։ Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։ [ էջ 83 ] Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր, Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։ Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր — Կյանքը դարձնում նզովյա՛լ գեհեն1։ Եվ մի՞թե մարդիկ այստեղ չե՞ն նայել Երբեք հեռուներն այս լա՜վ աշխարհի, Ուր արևը բյո՜ւր հրաշք է վառել, Որ մարդու հոգին խանդավառ, բարի՝ Գգվի հիացքով երջանկավայել — Ամե՛ն մի խոտի, ամե՛ն մի քարի։ Ախ, ո՜չ... Սատանա՛ն քրքջացել է այս Ոսկի դաշտերի քնքշությանը խոր, Փռել է կարմիր խորշակ ու երաշտ, Վառել է ոսկի հասկերը բոլոր։— Սրտի կսկիծով ես անցա առաջ Ու շուրջս նորից նայեցի մոլոր։— Եվ ահա — կրկին մի քանի դիակ։ Եվ այստեղ ահա — վարսեր կանացի։ Իսկ այստեղ, արնոտ վերմակների տակ— Փտած փշրանքներ արնաներկ հացի։ Ո՞վ է հեռացել այստեղից — մենակ, Քարացա՜ծ սրտով, լուռ, առա՛նց լացի... Իսկ այստեղ ահա — մի ոսկրացած ձեռք։ Մարմինը չկա։ Ընկած է անձայն։ Քիչ հեռուն գտանք սրունքները մերկ, Իսկ քիչ է՛լ այն կողմ — ատամներ ցիրցան։ Իսկ այնտեղ, ժայռի կատարին այն լերկ, Մոռացել էին մի հին հրացան։ Սարսափած սրտով մենք անցանք առաջ, Եվ մեր հայացքից արյուն էր կաթում։ ---------------------------------------- 1 գեհեն — կրոն. անշեջ հնոց, որի մեջ մեղավորները պետք է այրվեն դժոխքում. փխբ. դժոխք. փխբ. ծանր՝ տանջալից կյանք, վիճակ: [ էջ 84 ] Լուսնոտի նման բութ ու շվարած՝ Այլևս ոչինչ չէինք նկատում։ Մի ծանըր կսկիծ ուսերիս առած՝ Լուռ քայլում էինք արնաբույր տոթում։ Իրիկնամուտին մենք մի գյուղ մտանք։ Անունն էր միայն, իսկ ինքը չկար։ Այլանդակ գուղձեր, դևի ապարանք։ Մնացինք՝ հանգիստ առնելու համար։ Եվ գիշերն ամբողջ պատմեցին նրանք Զրույցներ զազիր ու խայտանկար... III Եվ նորից՝ կանուխ, առավոտ ծեգին, Մենք ճամփա ընկանք անխոնջ ու համառ Այս անգամ արդեն լեռնոտ էր ուղին, Բայց տրտունջ չկար մեր հոգու համար։ Նախատում էինք տրտնջացողին, Դեպի նա դառնում անողոք ու չար։ Ես չեմ մոռանա մեր վերելքը թեք Թափարիզ լեռան ծերպերով անտես։ Այնքան գեղեցիկ չի՛ եղել երբեք Տոկացող կամքի մաքառումը վես։ Թվում էր, թե հին ասպետներ ենք մենք Եվ վեր է մղում սուրբ ցնորքը մեզ։— Սառած ծերպերով գնում էինք մենք՝ Ե՛վ զենք, և՛ զրահ ուսերիս առած։ Իսկ ձյունոտ ուղին խաբող էր ու նենգ՝ Սայթաքում էինք, բայց անցնում առաջ։ Վագրերի նման ճկուն էինք մենք՝ Հայացքներս լուրթ գագաթին հառած։ Վերելքը ծանր էր և ուղին-ավեր։ Եվ այնտեղ չկար ո՛չ մարդ, ո՛չ թռչուն։ [ էջ 85 ] Եվ շարա՜ն-շարա՜ն բարձրանում էր վեր Մեր բեռնավորված ընկերների չուն։ Իսկ ձյունն անընդհատ լարում էր դավեր՝ Ոտքերիս կպած մեզ վա՛ր էր կանչում։ Կեսօր էր արդեն, երբ հսկա լեռան Ձյունապատ ու ցուրտ գագաթը հասանք։ Կանգնեցինք ճերմակ գագաթի վրա, Ուր ո՛չ արարած, ո՛չ բույս կար, ո՛չ կյանք։ Եվ կրծքերը մեր ահից թունդ առան՝ Անհո՜ւն զգացինք, որ ապրում ենք, կա՜նք։ Հպարտ հայացքով նայում էի ես Եվ խմում էի անսահման հեռուն։ Բարձրության վրա անհո՜ւն է այնպես Մարդկային հոգին աշխարհը սիրում։ Անբառ հրճվանքով զգում էի ես, Որ կյանքն է իմ մեջ ցնծում ու եռում։ Եվ՝ խորասուզված կույս հեռուների Անսահման ու խոր անգունության մեջ — Ես հոգուս խորքում խոստանում էի Լինել վեհասիրտ, ու հպարտ, ու մեծ — Երբ հեռվից հանկարծ մի զինվոր ընկեր — Դողդոջուն ձայնով ինձ իր մոտ կանչեց։ Մոտեցա... և քար կտրած մնացի։— Սառույցի վրա ընկած էր մի կին, Որ առանց խոսքի ու առանց լացի Մեռնում էր՝ անմիտ մի ժպիտ դեմքին։ Դողդոջ մատներով փշրանքը հացի Սեղմել էր ամուր, որպես գանձ անգին։ Աչքերը թարթեց նա վերջին անգամ, Եվ գոհ ժպտալով՝ ժպտադեմ հանգավ։ Սարսափելի էր այս ամենն այնքան, Որ մեր շրթերից ո՛չ մի բառ չընկավ։ [ էջ 86 ] Բայց ճչում էր մեր սրտերում կարկամ Մի անհուն կսկիծ, ամեհի մի ցավ։ Մենք լուռ փորեցինք սառցի կուրծքը ծեր Եվ անալելու1 թաղեցինք նրան։ Դողդոջուն, սառած, չոր ձեռքերը մեր Նույն ձյունն անհամբույր դիզեցին վրան։ Եվ ճամփա ընկանք, որպես մեռելներ, Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն։ Ու քայլում էինք, հոգնած ու մռայլ, Այդ ճամփաների հետքերով ավեր։ Եվ մեր թափորի ընթացքն համրաքայլ Չար, մահաշշուկ բարձրանում էր վեր։ Եվ մեր համր հոգին ծանր էր, որպես քար, Եվ չէինք կարող այլևս ցավել։ Մենք չէինք կարող խղճալ ոչ ոքի. Սարսափն էր նստել մեր հոգիներում։ Զգում էինք, որ — մի մութ թշնամի Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն։ Զգում էինք, որ —չար ոսո՛խ կա մի, Որ վերք է տալիս ու մահ է բերում։ Եվ սուրբ էր թվում ճամփան ահավոր, Այդ ճամփան խելառ, քմահաճ բախտի։ Եվ քայլում էինք մենք հանդիսավոր, Ինչպես մի վսեմ սրբազան ուխտի։ Եվ վերջին անգամ երդվում էինք, որ Էլ ո՛չ ոք իր այս ուխտը չխախտի։ Եվ՝ ծանրաբեռնված քարավաններով՝ Դառնում էր մեկը ճամփաներից ետ։ Ի՛նչ էր հավաքել, ինչո՞ւ, ո՞ւմ գնով— ------------------------------- 1 անալելու — առանց ալելուիա ասելու, առանց կրոնական արարողության: [ էջ 87 ] Մութ էր մեզ համար, անմիտ, անհեթեթ։ Բարեկամ էր նա... բայց մե՛ր արյունով «Բարեկամ» դարձած մի գիշեր մեզ հետ... Եվ թշնամի էր մեզ ամեն մի քար. Եվ ամեն մի իր լարում էր դավեր։ Եվ անցնում էինք մենք հանդիսաքայլ Այն ճամփաների հետքերով ավեր, Ուր ո՛չ մի էակ այլևս չկար, Ուր չէ՛ր կարող մարդ խղճալ ու ցավել... IV Եվ ահա մի օր մենք մտանք մի գյուղ, Որ գտնվում էր ծովակի ափին։ Հրդեհված էր նա։ Այստեղ ու այնտեղ Մի քանի տներ դեռ մխում էին։ Իսկ ծովի կապույտ ջրերը հնչեղ Դեռ երգում էին իրենց երգը հին։ Կարկաչուն, հնչուն մանուկների պես, Դեմքերին ժպիտ ու փրփուր փռած՝ Ալիքներն, անհոգ ու ժպտուն այնպես, Վետվետում էին ու թռչում առաջ։ Անուշ ճիչերով պատմում էին մեզ Հազար մանկական զրույց ու երազ։ Իսկ ավեր դարձած գյուղակն ալևոր, Ծեր, խորհրդավոր, որպես մեռած հայր, Ննջում էր անվերջ իր սև նինջը խոր, Մեռելաստանի իր նինջը մռայլ։ Եվ չէ՛ր հասկանում այդ ժիր, բախտավոր, Չար ալիքների զրույցները չար։ Իսկ այգիների շուրջպարը կանաչ Ձգվում էր անծա՜յր ու անծա՜յր հեռու։ Բնությունը, գիրգ ստինքները բաց, [ էջ 88 ] Ցոփ կնոջ նման հեթանոս, հլու— Պատրաստ էր ամե՛ն անցորդի առաջ Իր աշնանային տռփանքը տալու։ Երկու ընկերով ներս մտանք այգին Եվ տեսանք մեր դեմ— խաղողի մի ծով։ Անձնատուր եղած բախտի քմայքին՝ Սնվել էր անմահ արևի բոցով։ Հովերը նրան օրորել էին Կարկաչուն ծովի հեռո՜ւ զնգոցով։ Մոռացած մի պահ հոգնությունը մեր Խոնջացած սրտի, փոշոտ ոտքերի — Մոռացած ամեն քանդում ու ավեր, Բնության անճառ հմայքին գերի՝ Չորացած, ծարավ շրթունքները մեր Վայելում էին բերքը տունկերի— Երբ տունկերի մեջ... տեսանք մի դիակ։ Խեղդամահ արված՝ ընկած էր մի ծեր։ Ընկած էր արնոտ խաղողների տակ՝ Նրանց ստվերին ընկեր էր դարձել... Ու չռվել էին աչքերն այլանդակ՝ Զարհուրանքալի մեզ տալով հարցեր։ Ընկերս ճչաց ու ընկավ գետին։ «Ջո՜ւր»,— շշնջացին շրթերը նրա։ Մռայլ մոտեցա այգու ջրհորին, Ամբողջ մարմընով կախվեցի վրա՝ Ուզեցի նայել հատակի ջրին — Ոչինչ չերևաց։ Պարան կար։ Առա,— Եվ կախ տվեցի անտակ հորի մեջ։— Լսեցի հեռու ճղփոցը ջրի։ Ու վեր քաշեցի ձիգ պարանը ես։ Դույլը մի վայրկյան զարնվեց քարի. [ էջ 89 ] Էլի՜ մի վայրկյան... Եվ հանկարծ ասես Իմ դեմ ոգինե՜ր ելան շուրջպարի... Չռած աչքերով նայում էի ես Դույլում օրորվող ջինջ, հստակ ջրին, Որի մեջ մարմնի կիսանեխ մասեր Հանդարտ, դանդաղկոտ օրորվում էին։ Ճիչը իմ կրծքում զսպելով հազիվ՝ Ջրհորի մոտից հեռացա լռին։ Հարբածի երեր, տարտամ քայլերով, Որպես հալածված երկու ուրուներ՝ Մենք դուրս վազեցինք դեմքերով խռով,— Եվ սարսափահար հայացքները մեր Ո՛չ այգի էին էլ տեսնում, ո՛չ ծով,— Ուր Մահն էր արդեն իր թույնը քամել... V Եվ ահա մի օր տաժանքոտ ճամփից Հոգնաբեկ, անուժ, հանգստի համար— Մենք մտանք Մեռած Քաղաքի շեմքից Մեռած Քաղաքի փողոցները մառ1։ Սարսափն էր սահում մեր մռայլ դեմքից, Ու տենդում էր մեր սիրտը դիվահար։ Մեռած Քաղաքում ո՛չ մի մարդ չկար։ Եվ ամայացած շենքերը ավեր, Մութ, մահատեսիլ, կույտերի նման Փորած աչքերով նայում էին վեր։ Եվ չէին կարող նրանց հանդիման Գետին չնայել հայացքները մեր։ Չգիտեմ ինչո՛ւ— մենք մտանք մի տուն։ Անարև, անբիբ աչքերի նման ----------------------------------------- 1 մառ — մշուշապատ, մթամած. մռայլ, խոժոռ. տխրագին, տխուր, դաժան, անողոք. սարսափելի, սոսկալի: [ էջ 90 ] Նայում էին մեզ կասկածով անքուն Պատուհանների խոռոչները լայն։ Շեմքի մոտ ընկած՝ նեխել էր կատուն. Այն ո՞վ էր արդյոք սպանել նրան։ Ներս մտանք։ Տեսանք՝ կոտրած թախտի մոտ Ընկած էր մի կին՝ արնաշաղ ու մերկ։ Խոռոչի նման բացված ահահոտ՝ Քրքջում էր կարծես բերանն արնաներկ։ Իսկ կոնքերն ու չոր ծծերն արյունոտ, Պատմում էին մեզ պղծումներ անելք։ Ցնդեցին գանգիս ճիգերը հետին. Ուղեղս կարծես արդեն ի՛մը չէր։ Ու պար բռնեցին երկինք ու գետին, Եվ մեկն ինձ ասաց, որ պետք է փախչել... Սակայն ո՞ւր գնալ, որ քեզ չգտնեն Այդ կոնքերը մերկ, այդ ծծերը ծեր... Եվ մենք այդ գիշեր մնացինք այդտեղ՝ Մեռած Քաղաքի ավեր շենքերում։ Ամբոխվել էին տեսիլներն ահեղ. Խեղերի նման ցատկոտում, պարում, Ու դառնում էին մեռելներ մի տեղ՝ Սատանայական տենդոտ շուրջպարում։ Մեռած Քաղաքի շենքերից մեկում, Աչքերս անլույս խավարին հառած, Պառկել էի ես — ահավոր, անքուն։ Ու դեմս, կարմիր կրակներ վառած՝ Ցատկոտում էին, բառաչում, տնքում Մեռելներ զարհուր ու բազմատարազ։ Գույնզգույն շորեր, մարմիններ մեռած, Սրունքներ կապույտ, ստինքներ դեղին, Հետույքներ ուռած ու արնակալած— Խեղկատակ, արագ ցատկոտում էին,— [ էջ 91 ] Իմ սարսափաւար աչքերի առաջ, Անթափանց միգում գերեզմանային... Երգ էին ասում, ոռնում էին խուլ, Հեծկլտում էին, ծիծաղում, շաչում,— Խինդի էր նման ոռնոցը տխուր, Լացի էր նման խինդը կարկաչուն,— Բայց մահո՛ւ նման և՛ ծանըր, և՛ խոր— Կրծում էր հոգիս ամե՛ն մի հնչյուն։ Եվ դժժում էր իմ ուղեղում բորբոք Երգը այդ շփոթ, սատանայական, Դառնում էր հեռու կարոտի մորմոք, Եվ թվում էր ինձ, որ արդեն չկամ, Այլ ինչ-որ հեռու երազում մի շոգ Տարվում է հոգիս անզո՛ր ու անկամ։ Թռչում էի ես, որպես մի ուրու— Նրանց պես ուրախ խաղում, ցատկոտում: Եվ հանկարծ նրանց աղմուկը հեռու Երգ դարձավ անփույթ՝ մանկական խնդում։ Եվ ես հասկացա, որ հեռո՜ւ-հեռուն Ծո՛վն է շառաչում գիշերվա տոթում։— Մանուկներ ուրախ, խլրտուն ու վառ, Արևի նման կարմրավառ լուսին, Մեռելներ զվարթ ու խայտանկար— Պա՛ր էին խաղում, երգում միասին... Թռչկոտում էին սեթևեթ1 ու չար Եվ երգում էին Աստղկա մասին... Խե՛նթ երգում էին, որ Աստղիկը կա՛, Ապրում է այնտեղ — ջրերի խորքում. Թո՛ղ բուքը ոռնա՜ աշխարհի վրա — Իրե՜ն ինչ՝ նա կա՛— անմահ, անհերքում,— ------------------------------ 1 սեթևեթ — կոտրատվող, սեթևեթանք արտահայտող՝ պարունակող: [ էջ 92 ] Եվ մի՛շտ գեղեցիկ ու կույս կմնա Իր աստվածային, անբուն եզերքում։ Եվ մեռելների շուրջպարն էր թռչում Լուսնապար, խելառ, տխուր, արնաներկ, Հնչում էր նրանց երգը կարկաչուն՝ Սատանայական տագնապի մի երգ,— Ու ցատկում էին խավարի միջում Մարմինները մառ, սրունքները մերկ... Ու ձուլված իրար սեր, ցնորք ու մահ, Լուսնապար ծովի երգով օրորուն— Ուղեղիս բորբոք կտավի վրա Թանձրացան նրանք ու անցան հեռուն,— Եվ խավարն իջավ աչքերիս վրա Եվ ո՛ղջը կորավ աներազ նիրհում... VI Մեռած Քաղաքից մենք ճամփա ընկանք Ճի՛շտ դեպի կռիվ — դեպի ռազմավայր։ Գնում էինք մենք՝ համառ և ուրախ Կռվելու, կռվով մեռնելու համար։ Նահանջում էր դեռ թշնամին արագ— Եվ չէինք մենք դեռ հանդիպում իրար։ Թնդանոթները թնդում էին թունդ, Եվ սրտատրոփ տեսնում էինք մենք, Թե ինչպես այնտեղ, լեռներում կապույտ Ավեր է փռում նա, հարված ու վերք, Ու դառնում են շեն գյուղեր — մոխրակույտ, Եվ ծուխը կապույտ, բարձրանում է վեր։ Եվ գնում էինք առաջ ու առաջ՝ Ձյունապատ լեռան ահավոր կողով։ Դժվար էր ուղին։ Բայց աչքերս հառած Փախչող թշնամուն՝ անբուն մի կորով [ էջ 93 ] Մղում էր մեզ միշտ առաջ ու առաջ Եվ սրտերս այրում քանդումի հրով։ Երբ մենք, մի վայրկյան, հանգստի համար, Կանգնեցինք լեռան ճերմակ գագաթին— Նայեցի հեռուն։ — Վարը, հողմավար, Ծովն է աղմկում գանգատով մթին։ Զարնվում էին ջրերը իրար, Ու խուլ, ու վարար մորմոքում էին։ Արճիճի նման գորշ, անփայլ ու մութ Փռվել էր իմ դեմ ծովը հողմակոծ։ Գորշացել էին ջրերը կապույտ Ու գորշ էր թվում աշխարհը ամբողջ։ Եվ ինչ-որ մի խոր ու տխուր խորհուրդ Համակեց հանկարծ էությունս ողջ։ Եվ ծեր, ծովի պես, ծանրացավ հոգիս։ Ու կատակ թվաց արած գործը մեր։ Բայց լուռ բարձրացա, քայլեցի նորից։ Թնդանոթները թնդում էին դեռ։ Լցվել էր հոգիս անբառ մի կսկիծ՝ Թվում էի ինձ մենա՜կ ու անտեր։ Հանկարծ կանգ առա ես ձորամիջին։ Այլանդակ մի դի փռված էր իմ դեմ։ Նրա մոտ ընկած վիրավոր մի ձի Ջղաձգորեն մեռնում էր արդեն։ Հե՜յ, մի քիչ առաջ, հլու իր սանձին՝ Սա՛ էլ էր փախչում այս վայրից գեհեն։ Ո՞ւր էիր փախչում, խղճո՛ւկ անասուն... Քեզ քո տերն այստեղ ծեծելո՞վ բերեց։ Բայց նա չգիտե՞ր, որ այս երազում Միայն Մա՛հն է տեր՝ անողոք ու մեծ։ Էլ ինչո՞ւ էր նա ավերել ուզում, Այս դաժան մարտին ո՞վ նրան հրեց։ [ էջ 94 ] Տե՛ս, այլանդակված այժմ ընկած է նա։ Սևացել է, տե՛ս, արճիճի նման։ Անթաղ, անշիրիմ այստեղ կմնա, Ոչ ոք չի՛ փորի նրան գերեզման— Ոչ ոք չի՛ տխրի, որ նա զոհ եղավ Մի արնածարավ, անիմաստ ցասման։ Չգիտեմ ինչու, կամքիս հակառակ, Նայեցի ահով նրա երեսին,— Ու առաջ անցա քայլերով արագ, Հոգուս բեռ արած խեղճությունը իմ։ Իսկ մերոնք, անմար եռանդով վայրագ, Կռվում էին դեռ ու քանդում էին։ Հուր ու ծխի մեջ օրը վերջացավ — Եվ մենք կանգ առանք լեռան փեշի մոտ։ Հուր ու ծխի մեջ թշնամին անցավ՝ Ուսին շալակած պարտություն, ամոթ։ Եվ ամեն անկում, ամեն վերք ու ցավ Ծածկեց գիշերվա վարագույրը տոթ։ Եվ մենք ետ դարձանք դաշտերից մարտի՝ Հանգստանալու հեռավոր գյուղում։ Հեռուն՝ մի այրած, սևասև արտի Ցողուններն էին ծուլորեն մխում։ Ու քայլում էինք՝ հոգնած, անոթի, Աշնան գիշերի մեգ-մառախուղում։ Երկու ընկերով քայլում էինք լուռ՝ Հոգնած զինվորի եռանդով անշեջ։ Մեռելի նման ահավոր, տխուր Ծովն էր տարածվել մշուշոտ ու գեջ1։ Գնում էինք լուռ, չգիտեմ թե ո՛ւր՝ Միշտ նո՛ւյն ծովափով— անվե՛րջ ու անվե՛րջ։ --------------------------------------------- 1 գեջ — թաց, խոնավ, կեղտոտ: [ էջ 95 ] Երբ ուրվագծվեց մշուշում մի լեռ — Ասացին, որ գյուղն այնտեղ կլինի։ Բայց ծալվում էին սրունքները մեր. Ընկերս ուզեց, որ ընկնի, քնի— Բաց երկնքի տակ, գյուղ չհասա՛ծ դեռ, Հենց ճամփի վրա՝ ինչ կուզե— լինի։ Ու մնաց այնտեղ։ Ես անցա առաջ։ Նրան երևի ձիով կբերեն։ Վերելքը ծանր էր, ծանր էր՝ ի՜նչ արած... Պետք է իմ բոլոր ուժերը լարեմ, Հասնեմ — նո՛ր քնեմ հոգնած, խոնջացած, Որ երազները հոգիս օրորեն։ Բարձրանում էի։ Վայրենի քամին Ծեծում էր կուրծքս ահռելի ուժով Եվ մթնում էին հայացքները իմ, Լցվում էր հոգիս թանձր մշուշով։ Բայց ճիգ թափելով մի գերմարդկային՝ Ես քայլում էի լուռ, ուշի-ուշով։ Մենակ, անընկեր։ Հսկա բուի պես Ավազե մատներն աչքերիս հառած՝ Ոռնում էր քամին։ Ընկնում էի ես, Նորից բարձրանում ու անցնում առաջ։ Երբեք չէր եղել մարմինս — այնքան հեզ, Եվ ոգիս — այնքան կամքի ուժ առած։ Ու վատնում էի ճիգերս հետին։ Գագաթը մոտ է — կհասնեմ հիմա։ Բայց հանկարծ քամին շպրտեց գետին, Դեպի անդունդը՝ ուղի՛ղ դեպի մահ։ Բայց ո՛չ... Մեռնողի բնազդով մթին Գրկեցի քարերն ու ոտքի ելա։ Քայլեցի նորից։ Եվ հանկարծ իմ դեմ Փռվեց լույսերի մի ոսկի մշուշ։ [ էջ 96 ] Ա՜, հասել էի ես գյուղը արդեն։ Հասել էի ես։ Կես-գիշեր էր ուշ։— Եվ ցուրտ խրճիթի խոտերի մեջ թեն Քնեցի անո՛ւշ, քնեցի անո՛ւշ... VII ...Կռիվն սկսվեց — անողոք ու գոռ։ Մենք դաշտում էինք։ Ձյունոտ լեռներից Հարձակվում էին նրանք — բյուրավոր, Մերթ ետ նահանջում մեր գոռ գրոհից, Մերթ առաջ անցնում ոհմակներով նոր — Ու փախչում էին, ու գալիս նորից։ Եվ ընկնում էին նրանք շարեշար, Մռնչում էին գազանների պես։ Բայց խիտ, անհատնում շարքերով վարար Շարժըվում էին նորից դեպի մեզ։ Ամեն ինչ հանկարծ խառնվեց իրար — Եվ սվինամարտն ահա սկսվեց։ Մենք գրկում էինք ու չանկռում իրար, Սվինի զարկով գլորում գետին։ Վագրերի նման խորամանկ ու չար, Ապրելու հսկա ծարավով հետին՝ Խոշտանգում էինք — ապրելո՛ւ համար,— Եվ կռվում էինք, և կռվում էինք։ Եվ չէինք հիշում այլևս ոչինչ, Եվ չգիտեինք ի՞նչ էինք անում։ Եվ շատերն էին ընկնում մեզանից Եվ ոտքերի տակ մեր անշնչանում։ Չէ՛ինք տարբերվում վայրի գազանից Ահի ու արյան այդ խառնարանում։— Կոխոտում էինք ընկերների դին, Ընկերների դին դիրք էինք անում։ [ էջ 97 ] Ու վատնում էինք ճիգերս հետին Անհասկանալի տագնապով անհուն։ Եվ չգիտեինք, և չգիտեինք, Թե հորձանքը սև մեզ ո՞ւր է տանում։ Իրիկունն իջավ։ Անհուն խավարի Խավար ծալքերում կորավ ամեն բան։ Եվ իջավ մռայլ երազը Չարի Այն խայտաճամուկ դաշտերում անբան։ — Է՜, մնաք բարի, ընկերնե՛ր արի, Դուք պատվո՛վ անցաք ձեր կյանքի ճամփան։ Իսկ մենք — նենգորեն նահանջեցինք ետ՝ Ձյունագիշերի մրրիկների տակ։ Եվ իմաստ չուներ ճամփան անհեթեթ, Եվ անցնում էինք՝ անկումին գիտակ։ Երբե՛ք չէր եղել հոգիս — այնքան խենթ, Եվ գանգս — այնքան զառանցոտ ու տաք։ Հոգուս մեջ կարծես հնոցներ կային, Եվ աչքերիս մեջ — խարույկներ լափլեզ։ Բայց մարմինս հավե՜րժ, հավե՜րժ մարդկային՝ Ապրել էր ուզում։ Մահապարտի պես Հայացքներս հառած ահավոր Մահին՝ Մյուսների հետ փախչում էի ես։ Եվ խավարի մեջ կարմիր ու կարմիր Գնդակներն էին թռչում ու շաչում։ Եվ ընկնում էին ընկերները մեր Սատանայական խուճապի միջում։ Եվ ընկնում էին անգի՜ն ընկերներ։ Եվ վերջին անգամ մեզ էին կանչում։ Եվ երբ արևը բարձրացավ երկինք, Եվ մենք լույսի տակ իրարու գտանք — Մեռելների պես սփրթնած էինք, Չէինք հավատում, որ ապրում ենք, կանք. [ էջ 98 ] Անխոս հայացքով իրար թաղեցինք, Իրար հոգու մեջ գերեզման մտանք։ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Նրանք մնացին ձյունոտ դաշտերում՝ Քաղցած գայլերի ոհմակներին կեր, Այնտեղ, ուր ընդմիշտ տանջանքն է լռում Եվ հոգին դառնում անհունին ընկեր. Ուր իբր հիշատակ կյանքերից սիրուն— Անում են միայն այլանդակ գանգեր։ Ու մութ է հիմա այնտեղ, ամայի, Քամին է միայն ոռնում ու կոծում, Տոնելով վայրագ հարսնիքը Մահի՝ Նենգավոր ու խոր ձյուների ծոցում։ Եվ ո՞վ կգնա, և ո՞վ կնայի Անդրշիրիմյան տոնող Աստծուն... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Իսկ մենք ապրում ենք ու շնչում ենք դեռ Այս խայտանկար, ավերակ գյուղում, Ուր ամեն տան մեջ մա՛հ է ու ավեր, Ուր ամեն վայրկյան արյուն է ցողում, Ուր ամեն վայրկյան լարում է դավեր Քմահաճ բախտի ժրաջան մեղուն։ Եվ առօրյա է հիմա մեզ համար Մարդկային անթաղ, այլանդակված դին։ Ահաբեկիչի քրքիջով համառ Մենք կեր ենք նետում անկուշտ անդունդին։ Եվ իմաստ չունի այլևս հիմար Ճակատագրի որոշած Անդին։ Եվ գինին այստեղ ծորում է առատ, Եվ հարբում ենք մենք կարմիր խնջույքում։ Այլևս չկա և ո՛չ մի արատ, Որ ծաղիկ չտա մեր գինով այգում։ [ էջ 99 ] Պատրաստ է ընդմիշտ մեր զոհը պարարտ՝ Մենք՝ զոհ, մենք՝ դահիճ` ուրիշի ձեռքում... VIII ...Երեկ առավոտ բարձրացա կանուխ Եվ լուռ կանգնեցի բլուրի վրա։ Հեռուն՝ զնգալով իջնում էր մի ուղխ1, Լսում էի ես կարկաչը նրա։ Կապույտ երկնքում ո՛չ ամպ կար, ո՛չ ծուխ։ Եվ ես մոռացա՜ տաժանքն առօրյա... Ա՜խ, գյուղակների շուրջպարը կանաչ՝ Դաշտերի ոսկի՜ հեռաստաններում, Ուր մի անսահման թախիծ կա փռած Եվ մի հոգեթով տխրության հեռու, Ուր հավերժության ցնորքը անհաս Ճախրում է կարծես ոսկի՜ դաշտերում... Ամեն ինչ այնպես անդորր է ու կույս, Որ չեմ հավատում կարմիր երազին։ Միրաժի նման փարվում է հոգուս Անէ աշխարհի քնքշությունը հին։ Բայց չէ՞ որ այստեղ ապրել են անհույս— Եվ չե՛ն էլ լսել քնքշության մասին... Օ՜, խորհուրդների հավերժական մա՛յր, Որ տառապանքի ու տարփանքի մեջ Հղանում ես միշտ կյանքեր անհամար— Հազար գույներով՝ հազար ելևէջ,— Որ հղանում ես աշխարհի համար Հավիտենական կշռույթների վեճ... Օ՜, դո՛ւ, բարբարո՜ս, խելագա՜ր, ցավո՜տ, Երբեմն իմաստուն, երբեմն— գազան, --------------------------------------- 1 ուղխ — հին բնստ. հոսող ջուր: [ էջ 100 ] Աշխարհներ այրող կախարդական խո՜տ, Աշխարհներ շինող բախտի գավազա՜ն,— Դիվային ոգի՝ ճահիճների մոտ, Ոչնչի՜ մասին — աղո՜թք սրբազան... ...Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝ Ապրելու հսկա տենչը բեռ արած,— Քայլել անիմաստ մի կյանքի համար, Մարել — ու վառել աստղերը մարած, Որ — տիեզերքի զառանցանքը մառ Չցնդի՜ երբեք ու մնա— երազ... 1915-1916 Տաճկաստան-Պարսկաստան ռազմաճակատ | |
Դիտումներ: 854 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |