Գլխավոր էջ » Հոդվածներ » Պոեմներ

ԱՆՈՒՇ
Համբարձման գիշերը
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին թըռչելով`
Փերիները սարի գլխին
Հավաքվեցին գիշերով:

Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել`
Բարի ժըպտան իր սերին...

Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ – մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…

Ու նրանց հետ ցող արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր`
Սարի ծաղկունք տըխուր սուքով
Հառաչեցին են գիշեր:

Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քույրի՜կ,
Վո ՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…

Եկե՜ք, քույրե՜ր սեգ սարերի,
Չըքնաղագեղ ոգիներ...
Ու փերիներն էսպես տխուր
Երգում էին ողջ գիշեր:

Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի
Անտես, անհետ չըքացան:

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն:

ԱՌԱՋԻՆ ԵՐԳ
I

Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
Ուր որ է հայրենի օջախի առաջ
Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նստած
Խոսում են Լոռու հին-հին քաջերից:
Դեպի էն սարերը, որ վես, վիթխարի,
Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկնքում,
Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում,
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև - Ալ, Դև - Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ-խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փախցրին բերին անառիկ Լոռի:

II

Է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ սարեր,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան:
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես:
Բայց եկել եմ ես, նրանց եմ կանչում:
Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես»
Դո՛ւրս եկեք կըրկին շիրիմից, խավարից,
Դո՛ւրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լսեմ,
Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,
Լըցրե՜ք պոետի հաճույքը վըսեմ…

III

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ շըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակից հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից:
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի,
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում...
Սո՜ւս… ակա՛նջ արա, - հովիվն է կանչում…

IV

Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր
Ընկել եմ հանդեր:

Ամա՜ն, էրեցիր սիրտս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով.
Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով,
Ա՛յ սարի աղջիկ,
Ա՛յ սիրուն աղջիկ,
Ա՛յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ:

Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման.
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման,
Ա՛յ սև աչքերով,
Ա՛յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար
Աղջիկ, քեզ համար:

V

Երգում է Սարոն, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստի վըրանում:
-Էն ո՞վ էր, նանի, որ կանչում էր մեզ,
Դու չե՞ս իմանում… ականջ արա, տե՛ս...
-Հերի՛ք է, Անուշ, ներս արի դագեն,
Քանի դուրս թըռչես, նայես դես ու դեն,
Տեսնողն էլ կասի ի՜նչ աղջիկ է սա…
Հազար մարդի մոտ կերթա կըխոսա:
-Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին,
Ինչքա՜ն ավելուկ է տալիս կանանչին…
Նանի՛, թող գընամ, քաղեմ ու հյուսեմ,
Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ:
-Հանգիստ կաց, Անուշ, դու հասած աղջիկ,
Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում, քու գործին մոտիկ,
Պարկեշտ կաց աղջի, ամոթ է, ամո՜թ:
-Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտեմ, թե ուր, չըգիտեմ, թե ո՜ւր…
Նանի՛ ջան, նանի՛, ես ինչպե՜ս անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նանի՛ ջան, նանի՛, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

VI

Կըժները ուսած, թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկները,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զնգում սարն ի վեր:

Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:

Ա՛յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս, անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից:

Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի:

Աղջի քու յարն եկավ անցավ,
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջրով:

VII

Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ
Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած.
Էն ե՞րբ էր Անուշն իր կուժը առավ,
Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ…
Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի…
Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
-Ո՞ւր կորար, Անո՜ւշ, այ մազըդ կըտրած…
Ու ձորի գըլխին, ձեռը ճակատին,
Կանչում է, կանչում անահ զավակին:
-Աղջի՜, սևասիրտ, քու ահը կըտրի,
Աղջիկը մենակ ձո՞րը կըմտնի,
Ամպը կոխել է, աշխարհը մըթնել,
Ի՞նչ ես կորցրել, չես կարում գըտնել…
Աղջի, հե՜յ, Անուշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ...
Ծընկանը զարկում, հառաչում է «վո՜ւշ»
Ու ձորի գըլխին մոլորված, կանգնած
Նայում է ներքև, սիրտը սևակնած:
Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի:

VIII

-Թո՛ղ, կանչում են ինձ… մերըս կիմանա…
-Չէ՛, Անուշ, քիչ էլ մընա....
-Չէ՛, թող ես գնամ… ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես...
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում...
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել,
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ անիրա՛վ,
Էնքան մընացի, աչքս ջուր դառավ.
Ինձ չես լըսում,
Չես ափսոսում,
Էլ չեմ ասում`
Ինչ կըլնեմ ես…
Ես կըվառվեմ,
Հուր կըդառնամ,
Ես չըգիտեմ
Ինչ կըդառնամ,
Թե որ մին էլ
Էսպես մընամ…
Ասում են` ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես:
Խեղճը դողալով`
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ:
Ջըրերի վրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա,
Ու լալիս կամաց:
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՜նց է մոռանում...
-Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՜նչ ես անում.
Բա դու չե՞ս լըսում.
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ թըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…
Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւմ հետ եմ լինում...
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…
- Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, անաստված Անո՜ւշ…
Արբեցա՜ծ, անո՜ւժ
Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ,
Հալվեցա՜վ, հանգա՜վ...

IX

Անո՜ւշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ, տո՛ւն արի...
Կանչում է մերը, հառաչում, կանչում:
-Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜…
Ձորից աղջկա ձենն է ղողանջում:
Ու մազերն անկարգ տըված թիկունքով
Ու ցըրված շիկնած այտերի վըրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
Անուշը, փախած եղնիկի նման:
Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա,
Թողել է էն էլ ջըրի եզերքին…
Ա՜խ, անհոգություն ջահել աջըկա...
Նանի՛, վախեցի, գանգատվում է նա,
Եվ ուզում է լալ, չի կարողանում.
Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա,
Կարծեծի` թուրքեր էին լողանում…
Անիծում է ծեր մերը բարկացած
Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով իջնում է նա ցած`
Դատարկ եր բերած հին կուժը ուսին:

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ
Համբարձման առավոտը

X

Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկները սարերը ելան
Վիճակ հանելու, աշխույժ երգերով:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սև սարեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի տված,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սև օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Եկավ Համբարձում`
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում.
-Ո՞վ է մեզ գըրված:
-Ա՛յ ջան տղա, չոբան տղա, ո՞ւմն ես դու
-Աստված գիտի, աշխարհ գիտի` իմն ես դու:

Դե հանի՛ր, աղջի՛,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին:

Բեղ ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՞նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Հուր սըրտեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,
Ու շուրջ բոլորած վիճակ են հանում,
Ելնում է մեկին իր երազն ու սերը,
Մյուսի մուրազը սըրտումն է մնում:

XI

Պըտույտ է տալիս վիճակը նորից`
Քուշուքը գըլխին ծաղիկ ծաղկամեր,
Թընդում «ջան գյուլում» մատաղ սըրտերից,
Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր:

-Ա՛յ թուխ մազերով աղջիկ,
Ա՛յ սարի սովոր աղջիկ,
Ջիգյարին գյուլլա դիպչի
Ով որ քեզ սիրի, աղջիկ:

-Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ,
Սևաբախտ քույրիկ, նազելի Անուշ.
Քու ձեռը կոտրի, ով որ հանեցիր…
Ու ողջ մընացին մոլորված, ապուշ:

Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատա.
Լոկ պատահական մի չար խոսք է սա.
Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղը խաղա՛, ջան գյուլում ասա:

Ա՜խ, չէ, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ,
Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել…
Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ.
Մանուկ օրերից են ինձ դեռ անիծել…
Ասում են` մի օր, ես օրորոցում,
Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի,
Իր խաղն ասում է ու բաժին ուզում,
Իմ նանը նրան բաժին չի տալի.
Կորի՛, ասում է, կորի՛ մեր դըռնից,
Երեխես ճաքեց, հեռացի՛ր, գընա՛...
Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ,
Թե` դըրա օրը լացով անց կենա...
Ա՜խ, էն դարվիշի անեծքին անգութ
Ու էս վիճակիս տեղյակ է Աստված.
Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մո՜ւթ,
Ի՞նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված…
-Մի՛ տըրտմիր, Անո՛ւշ, մի լինիր համառ,
Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ,
Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար,
Ու լալիս ես դու էդպես սըրտաճա՜ք…
Հանգիստ կաց, քույրի՜ք, մի՛ վախիր էդքան,
Կյանքը քեզ համար վառ գարուն է դեռ,
Էդ քո նորահաս մատաղ կուսության
Առջև դեռ կան երջանիկ օրեր:
Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա,
Սիրտըդ մի կոտրի սուտ բանի համար,
Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա:

(Խումբը երգում է)

Աղջի, բախտավոր,
Երնե՜կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչքերին:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սեր օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սար-յարեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

(Անուշը մենակ)

Ա՜խ, իմ բախտը կանչում էր ինձ,
Չեմ հասկանում` դեպի ուր…
Դողում է պաղ նըրա ձենից
Իմ սիրտը սև ու տըխուր:

Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք,
Թաքուն մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն է արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր:

Ա՜խ, ծաղիկներն էս աշխարհքում
Տանջվում էն միշտ էսպես զուր,
Տըրորվում են ու թառամում`
Սիրտները սև ու տըխուր:

(Խումբը հեռվից)

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Վառ ցավեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

XII

Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանքի`
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:
Ու պարից հետո լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղ արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան:
Հարա՜յ են տալի – «քաշի՜, հա քաշի՜…»
Ու դուրս քաշեցին զոռով երկուսին.
Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին:
Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման,
Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի,
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի:
Գոռում են, գոչում երկու բանակից.
Սըրտապինդ կացե՛ք, մի՛ վախցեք տըղե՛ք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
նայում են կանգնած հարսն ու աղջիկերք:
Ու տաքանում են տըղեքը սաստիկ,
Փեշերը հավաք խըրում են գոտին,
Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
Իրար են հասնում թափով մոլեգին…
Ադաթ կա սակայն էն մութ ձորերում,
Ու միշտ հընազանդ հընոց ադաթին,
Ամբոխի առջև իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին:
Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
Քաշում են, ընկնում, ելնում միասին,
Դըժվար է իբրև հաղթել մեկ դեմի:
Իզուր է գոռում ամբոխը հարբած,
Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ,
Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած
Սառել ու կանգնել, ինչպես մի պատկեր:
Անուշը կանգնա՜ծ... Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.
Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարհք:
Ու մինչ դեռ Մոսին ընկերախաղի,
Կատակի տալով թողած էր իրեն,
Ուժ առավ Սարոն, ծընկեց կատաղի,
Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն:
Ամբոխը թափվեց հարա-հըրոցով,
Վեր թըռցրեց ջահել փահլևաններին,
Եվ ուրախության աղմուկ գոռոցով
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին:
Ցընծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են, դողում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք:

XIII

Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում,
Թող գա՜, գոռում է, որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, այլևս չեմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռքից:
Վե՜ր չի գըցել ինձ… ինձ խաբել է նա…
Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա…
Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում,
Թունալի ծաղրով կանչում են, գոռում.

-Չէ՛ լավ, էդ չէ՛ լավ,
Վեր չի գըցել դեռ,
Մոսին թոլ էլավ-
Խոզապարկուկ էր...
Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք,
Շատ էլ լավ կանի.
Մեջքը թա՛փ տըվեք,
Թող մին էլ բըռնի…
Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք,
Մեջքը թա՛փ տըվեք

XIV

Եվ աղմկալի հարսանիքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.
Արյուն է կաթում սևացած սըրտից,
Գընում է ըշտապ, քայլերը մոլոր:
-Ամո՜թ քեզ, Մոսի՛, թուք ու նախատինք
-Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին,
Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին:
Ինչպե՞ս վեր ընկար դո՜ւ, սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած...
Դո՜ւ… կուչ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՜նց…
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին...
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին...
Դե մեռի՛ր, էլի՛, գետինը մըտի՛ր,
Տանը վե՛ր ընկի՛ր, իլիկ պըտըտիր…

XV

Վա՜յ, վա՜յ, Մոսի՛ ջան, ինձ մի ըսպանիր,
Սըրանից հետո չե՛մ սիրիլ նըրան...
Վախենում եմ ես... ղամեդ տեղը դիր...
Սիրտըս դողում է տերևի նըման...
Խընդրում էր լալով եղբոր առաջին
Անզոր ու դալուկ իր քույրը չոքած.
Մոսին, փայլկըրտուն խանչալը ձեռին`
Ուզում էր մորթել նըրան աչքը բաց:
-Դե իմ անունո՛վ երդըվի՛ր, անըզգամ,
Որ էլ Սարոյին դու չես սիրելու,
Թե չէ, տեսնո՞ւմ ես, խանչալը հանած
Մինչև դաստակը սիրտըդ եմ խըրելու:
-Քու ոտի հողն եմ, Մոսի՛ ջան, Մոսի՛,
Դու քու եսիրին երդո՞ւմ ես տալիս...
Ես էլ Սարոյին չեմ սիրում, ասի,
Տեսնո՞ւմ ես չոքած ինչպե՜ս եմ լալիս…
-Դու խաբո՞ւմ ես ինձ, սուտլի՛կ խաբեբա՛,
Չե՞ս սիրում, ասիր. էն ի՞նչ է հապա,
Էն ի՞նչ է հապա, որ տեղըն ես մըտնում,
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում.
Էն ի՞նչ է հապա, որ դու երազում
«Սարո ջան, Սարո՜… Սարո» ես ասում…
-Մոսի՛ ջան, Մոսի՛, գըլխովդ շուռ գամ.
Ինձ մի՛ ըսպանիր, ինձ թող ես անգամ.
Էլ չեմ սիրել ես, երբ դու չես ուզում,
Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում…

Ինձ մի ըսպանիր, ղամեդ տառ հեռու…
Քու քույրը չե՞մ ես… իմ Մոսին չե՞ս դու...

XVI

Ու էն հարսանիքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար:
Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր,
Որ, աչքը դեռ բաց, էս լուս աշխարհքում,
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի` Սարոյի գըրկում.
Գուցե գիշերս էլ` իր հերսից անքուն,
Ուզում է ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծերով սըրտիցը հանի:
Ո՞վ գիտի, գուցե հենց էս գիշեր էլ
Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ,
Մեկմեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկմեկից վըրեժ առնելու համար:
Կարող է նույնպես պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը, արդյունքը հընձի,
Գիշերվա ժամին, հըրով բըռընկված,
Երկնահաս բոցով աստղերը խանձի
Կատեգորիա: Պոեմներ | Ավելացրեց: Admin (09.04.2012)
Դիտումներ: 919 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

View: / Added by: / Date: