Էվոլյուցիա
Դարվինի էվոլյուցիոն տեսությունը հնարավորություն է տալիս բացատրել պտերոզավրի (հնագույն թռչող սողուն) առաջացումը մոլորակի վրա ավելի քան 150 մլն տարի առաջ: Չորս ոտքով քայլող մողեսի (1) վերջույթների արանքում մոտավորապես 1 մլն տարի անց ի հայտ են եկել մանր մաշկածալքեր, որոնց օգնությամբ սողունը կարող էր թռչել ծառից ծառ (2): Բազմաթիվ սերունդներ անց ծալքերի չափերը մեծացել են, թռիչքի ժամանակ մարմինը պահող ոսկրերն ու մկանները զարգացել են, և ի հայտ են եկել թևերը (3):
Կյանքի ծագումը Երկրի վրա
Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների աստիճանական փոփոխությունն է ժամանակի ընթացքում՝ գոյության փոփոխվող պայմաններին տեսակների հարմարման ճանապարհով: Վաղ անցյալի մնացուկների պեղումները վկայում են, որ միլիոնավոր տարիների ընթացքում ի հայտ են եկել կենդանի էակների նոր տեսակներ, իսկ որոշ տեսակներ էլ (օրինակ՝ դինոզավրերը) անհետացել են:Էվոլյուցիոն պատկերացումների ակունքները հին են: Սակայն XV–XVIII դարերում, աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ, կուտակված կենդանական և բուսական աշխարհների բազմազանության մասին փաստացի նյութերը միայն հնարավորություն ընձեռեցին հետազոտել կենդանական ու բուսական օրգանիզմների նման և տարբեր հատկանիշները:Կենդանի էակների էվոլյուցիայի մասին ամբողջական ուսմունք ստեղծելու առաջին փորձը կատարել է ֆրանսիացի կենդանաբան Ժ. Լամարկը XIX դարում: Նա ենթադրել է էվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժը բնության ինքնակատարելագործման ձգտումն է:Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ: Ըստ Դարվինի բնական ընտրության («առավել հարմարվածների կենսունակության» ճանապարհով) տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների (սնունդ, ջուր, լույս և տարածություն) համար: Այդ հարմարված անհատները սերունդ տալու ավելի մեծ հավանականություն ունեն և ժառանգում են այն հատկանիշները, որոնց շնորհիվ ծնողներն առավել հարմարված են եղել արտաքին միջավայրին:Այսպիսով՝ մի քանի սերունդ հետո բույսերի կամ կենդանիների տեսակները ներկայացվում են մեծ քանակությամբ լավ հարմարված անհատներով և կարող են աստիճանաբար փոխվել: Էվոլյուցիայի այդպիսի շարժընթացի արդյունքում կարող են առաջանալ կենդանի էակների նոր տեսակներ ու տարատեսակներ:Ժամանակակից էվոլյուցիոն ուսմունքը հիմնված է ժառանգականության նյութական բնույթն ուսումնասիրող գենետիկա գիտության նվաճումների վրա: Այս տեսակետից էվոլյուցիոն միավորը ո՜չ առանձին անհատն է, ո՜չ էլ տեսակը, այլ պոպուլացիան՝ որոշակի տարածքում տեվականորեն ապրող, միևնույն տեսակին պատկանող, միմյանց հետ ազատ խաչաձևվող խումբը: Պոպուլացիայի ժառանգական փոփոխականության հիմքում ընկած է քրոմոսոմներում ու գեներում ժառանգական նյութի վերակառուցման և խանգարման հետևանքով կատարվող փոփոխությունը, որը կոչվում է մուտացիոն փոփոխություն: Մուտացիաները կարող են առաջանալ ցանկացած բջջում՝ զարգացման ցանկացած փուլում, ինչպես գոյության սովորական պայմաններում, այնպես էլ ֆիզիկական կամ քիմիական որևէ գործոնի ազդեցության հետևանքով: Հետևաբար, ժամանակակից տեսանկյունից էվոլյուցիայի շարժիչ ուժերն են մուտածնությունը և բնական ընտրությունը: Վերջինս ապրելու հնարավորություն է տալիս այն օրգանիզմներին, որոնց մուտացիոն փոփոխությունները շրջակա միջավայրի որոշակի պայմաններում ապահովում են առավել հարմարվողականություն: Բժշկության բնագավառում կարևոր նշանակություն ունեն մի քանի բնական պոպուլացիաների փոփոխությունների ուսումնասիրությունները՝ կապված մարդու գործունեության հետեվանքների հետ:Վիրուսների, բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների պոպուլացիաների գենետիկական հետազոտությունները ցույց են տվել հակաբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների ազդեցությունից այլ ձևերի արագ փոփոխությունների մուտացիոն բնույթն ու այդ նյութերի հանդեպ կայուն մանրէահիմքերի (շտամներ) առաջացումը: Ժամանակակից էվոլյուցիոն ուսմունքում կարևոր տեղ է զբաղեցնում մարդու պոպուլացիայի գենետիկական վերլուծությունը: Պարզվել է, որ բնական ընտրությունը մարդու էվոլյուցիայում կորցրել է առաջատար գործոնի դերը: Սակայն մարդու պոպուլացիայի գենետիկայի նշանակությունը բացառիկ կարևորություն ունի ժառանգական հիվանդությունների տարածման վերլուծության գործում, գենետիկական ապարատի վրա ճառագայթման, ֆիզիկական, ինչպես նաև քիմիական ազդեցությունների արդյունավետությունը գնահատելիս:Մոլեկուլային կենսաբանության նորագույն նվաճումները թույլ են տալիս նորովի գնահատել էվոլյուցիոն մեխանիզմները:Երկրի վրա կյանքի էվոլյուցիան սկսվել է ավելի քան 3,5 մլրդ տարի առաջ: Ժամանակային սանդղակի վրա ցույց է տրված միայն վերջին 600 մլն տարին: Գիտնականները ճշգրիտ չգիտեն, թե որքան ժամանակում է տեղի ունեցել կենդանու կամ բույսի այս կամ այն տեսակի ձևավորումը, այդ պատճառով նկարի վրա ցույց է տրված այն ժամանակը, երբ տեսակները գոյություն են ունեցել, և ոչ թե այն ժամանակաշրջանները, երբ նրանք մոլորակի վրա առաջին անգամ են ի հայտ եկել: Կենդանիների որոշ խմբեր (օրինակ՝ ծովաստղերը) 500 մլն տարեկան են, սակայն նրանք այսօր էլ կան Երկրի վրա, չնայած` նրանց հետ ժամանակին ապրած տեսակների մեծամասնությունն անհետացել է: Տես նաև Գենետիկա, Դարվին Չառլզ, Դինոզավրեր, Երկիր, Ժառանգականություն,Նախապատմական կյանք:
Աղբյուր՝ http://www.encyclopedia.am
Դարվինի էվոլյուցիոն տեսությունը հնարավորություն է տալիս բացատրել պտերոզավրի (հնագույն թռչող սողուն) առաջացումը մոլորակի վրա ավելի քան 150 մլն տարի առաջ: Չորս ոտքով քայլող մողեսի (1) վերջույթների արանքում մոտավորապես 1 մլն տարի անց ի հայտ են եկել մանր մաշկածալքեր, որոնց օգնությամբ սողունը կարող էր թռչել ծառից ծառ (2): Բազմաթիվ սերունդներ անց ծալքերի չափերը մեծացել են, թռիչքի ժամանակ մարմինը պահող ոսկրերն ու մկանները զարգացել են, և ի հայտ են եկել թևերը (3): |
Կյանքի ծագումը Երկրի վրա |
Կենդանի էակների էվոլյուցիայի մասին ամբողջական ուսմունք ստեղծելու առաջին փորձը կատարել է ֆրանսիացի կենդանաբան Ժ. Լամարկը XIX դարում: Նա ենթադրել է էվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժը բնության ինքնակատարելագործման ձգտումն է: