Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդը

ՔՈՒՆ ԵՎ ԵՐԱԶՆԵՐ (Մաս II)
ՔՈՒՆ ԵՎ ԵՐԱԶՆԵՐ (Մաս II)

Արդյո՞ք երազները կանխատեսում են ապագան:
Մինչ այս հարցին պատասխանելը նկատի ունենանք ևս մեկ ընդհանուր օրինաչափություն. մարդու իմացական գործունեությունն ընդհանուր առմամբ ուղված է ոչ միայն դեպի անցյալն ու ներկան, այլ նաև` դեպի ապագան: Այլ կերպ ասած՝ այն ոչ միայն ռետրոսպեկտիվ է, այլև ներկայից առաջ անցնող, առաջանցիկ և կանխատեսող: Յուրաքանչյուր մարդ ինչ-որ չափով մարգարե է, քանի որ գիտակցական և արթուն վիճակում էլ փորձում է կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը կամ մյուս օրը, մեկ ամիս կամ մեկ տարի անց ինչ է ինքն անելու, որտեղ է լինելու և այլն:
Երազների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ենթագիտակցական այս հատուկ վիճակում շատերի մեջ ապագան գուշակելու, ապագայի իրադարձությունները կանխատեսելու ընդունակությունը որոշ չափով ուժեղանում և յուրահատուկ դրսևորումներ է ունենում: Իրոք, կան երազներ, որոնք վերաբերում են ապագային և իրենց մեջ կանխատեսուներ են պարունակում: Նման երազները կբաժանեի երկու մասի. ա)երազներ, որոնցում պատկերավոր ձևով արտացոլվում են այնպիսի կանխատեսումներ, որոնք մենք արել և խոսքի միջոցով արտահայտել ենք արթուն և գիտակցական վիճակում: բ)Այնպիսի կանխատեսումներ, որոնք արթուն վիճակում գիտակցորեն չեն կատարվել և չէին էլ կարող կատարվել, որովհետև հաճախ դրանք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք երազ տեսնողի անձնական կյանքի ու նպատակների հետ ոչ մի կապ ու առնչություն չունեն: Ոմանք կանխատեսում են երկրաշարժեր, որոշ քաղաքական և ռազմական իրադարձություններ, ծանոթ կամ հայտնի մարդկանց մահը և այլն, ընդ որում, ինչն իսկապես հետաքրքրական է, առանց անհրաժեշտ նախնական տեղեկություններ ունենալու, առանց մեզ հայտնի զգայարանների միջոցով ինֆորմացիա ստանալու: Նման փաստերը նկատի ունենալով` գիտնականներն սկսել են քննարկել այն հարցը, թե արդյո±ք մենք ինչ-որ հատուկ ֆիզիոլոգիական մեխանիզմների օգնությամբ ի վիճակի չենք տեղեկություններ ստանալ ոչ միայն անցյալի ու ներկայի, այլև ապագայի մասին: Պետք է, ուրեմն, ենթադրել, որ եթե ինչ-որ տեղ, ինչ-որ մարդկանց գլուխներում պլաններ են կազմվում որոշակի գործողություններ ձեռնարկելու մասին, ապա այդ ինֆորմացիան ինչ-որ կերպ, անկախ դրանք իր գլխում ունեցող մարդու կամքից, տարածվում են շրջապատում, անցնում են մեծ տարածություններ և ընկալվում զգայուն մարդկանց կողմից` նրանցում մարգարեական երազներ հարուցելով: Բայց քանի որ բնության երևույթներն ու արհավիրքները մարդկանց կողմից չէ, որ պլանավորվում են, ապա դրանց նախնական ընկալման, կանխագուշակման մեխանիզմներն արդեն այլ բնույթ պետք է ունենան:

Գունավոր, թե՞ անգույն երազներ:

Մարդկանց երազների մեծ մասը կազմված է գորշ մտապատկերներից, այսինքն` սևի և սպիտակի տարբեր երանգներից: Իսկ ի±նչ է հայտնի հոգեբանությանը «գունավոր երազների» մասին: Այո, բավական է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը քիչ ավելի ուշադիր լինի իր երազների նկատմամբ և կհամոզվի, որ երազային տեսողական պատկերների զգալի մասը «գույն» չունի, այսինքն՝ մոնոխրոմատիկ է` սկսած մաքուր սպիտակից մինչև գորշի ամենատարբեր երանգներն ու բացարձակ սևը: Բայց արդեն նման գորշ երազների մտապատկերների շարքում հանդիպում են առանձին գունավոր առարկաների պատկերներ: Զանազան երազային առարկաներ կարող են ունենալ կապույտ, կարմիր, նարնջագույն և այլ գույներ: Պետք է իմանալ, որ մարդու գլխուղեղի տեսողական բաժիններում կան գույներն ընկալող հատուկ մասնագիտացված նեյրոններ, որոնք քնածի ուղեղում շատ հաճախ արգելակված են լինում: Մինչդեռ գունավոր պատկերներ տեսնելիս դրանք գործում են: Թեև երազները շատերին թվում են երկրորդական երևույթներ, ցերեկային տպավորությունների հետքեր միայն, սակայն դա այդպես չէ: Ավելին՝ հետազոտությունները բերել են այն համոզմունքին, որ մարդկանց երազներում պատահական ու աննշանակալից պատկերներն ու գործողությունները խիստ փոքրաթիվ են: Նույնը վերաբերում է նաև երազում տեսած առարկաների գույներին: Գունավոր երազների վերաբերյալ հոգեբաններին հաջողվել է պարզել մի շարք օրինաչափություններ, որոնց տեղյակ լինելն օգտակար է յուրաքանչյուր մարդու: Առաջինն այն է, որ ըստ երազներում գունավոր պատկերների առատության՝ մարդկանց մինչև անհատական մեծ տարբերություններ կան: Համեմատական հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի շատ գունավոր երազներ տեսնում են գեղարվեստական նկատելի օժտվածություն ունեցող անձինք: Իսկ այն անձինք, ում իմացական գործընթացները հիմնականում ընդունում են վերացական գործողությունների ձև, հիմնականում տեսնում են գորշ մտապատկերներից կազմված երազներ:
Երկրորդ օրինաչափությունն այն է, որ երազներում գունավոր մտապատկերների թիվը կարող է փոփոխվել` կախված մարդու հոգեվիճակից: Հիմնական միտումն այն է, որ եթե մարդն ունի ներքին և արտաքին սուր կոնֆլիկտներ, չլուծված խնդիրներ և տագնապներ, ապա նրա երազներում գունավոր պատկերների թիվը մեծանում է: Եթե այդ խնդիրները լուծվում են դրա հետ կապված տագնապն ու մյուս տհաճ հույզերը` թուլանում, ապա երազների կառուցվածքը մոտենում է տվյալ անհատին բնորոշ սովորական տիպին: Վերջապես երրորդ օրինաչափությունը. որոշ հոգեկան հիվանդությունների դեպքում մարդու երազները դառնում են լրիվ գունավոր և այնքան տպավորիչ, որ հիվանդը երբեմն սկսում է կասկածել. արդյոք երազ է տեսել, թե՞ իր տեսածն իրականություն էր: Իրականի և երևակայականի սահմանները սուբյեկտիվորեն կարող են ջնջվել և անհստակ դառնալ: Մարդու երազները շատ նրբորեն են արձանագրում նրա հոգեվիճակների և´ նորմալ, և´ հատկապես ախտաբանական փոփոխությունները: Շարունակելի...
Կատեգորիա: Մարդը | Ավելացրեց: Admin (10.04.2012)
Դիտումներ: 446 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

View: / Added by: / Date: