Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդը

Կարող են արդյոք կոնֆլիկտային իրավիճակները մեր կյանքում դրական դերակատարում ունենալ
Կարող են արդյոք կոնֆլիկտային իրավիճակները մեր կյանքում դրական դերակատարում ունենալ

Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ երկու կողմերի կարծիքները, մոտեցումները, գործողությունները, ցանկությունները իրարից խստորեն տարբերվում են և դա լրացուցիչ քննարկման, փոխադարձ դժգոհության, նույնիսկ վեճի առիթ է դառնում: Այսպիսի իրավիճակներն անվանում են կոնֆլիկտային: Իսկ ի՞նչ գիտենք մենք կոնֆլիկտների, առավել ևս դրանց կառավարման մասին: Արդյոք որքանո՞վ է կոնֆլիկտի ելքը կախված դրա մասնակիցների անձնային հատկություններից ու վարքից, միշտ են արդյոք կոնֆլիկտները բացասական կամ հնարավոր է արդյոք կոնֆլիկտային իրավիճակից մեզ համար դրական արդյունք քաղել:
Հոգեբանության մեջ կոնֆլիկտը սահմանվում է որպես հակադիր, իրար հետ չհամատեղվող հակումների բախում: Դա կարող է լինել առանձին մարդու գիտակցության մեջ, միջանձնային հարաբերություններում, ներխմբային կամ միջխմբային հարաբերություններում և այլն: Որպես կանոն` կոնֆլիկտները կապված են բացասական հուզական ապրումների հետ: Այնուամենայնիվ, կոնֆլիկտը ոչ միայն սուր հակասությունների դրսևորման ձև է, այլ նաև հանդես է գալիս` որպես հակասությունների բացահայտման և սրման միջոց: Օրինակ` կյանքում հնարավոր են դեպքեր, երբ մարդիկ իրար հետ լուրջ հակասություններ, խնդիրներ ունեն, բայց դրանց մասին չեն բարձրաձայնում:

Սա, իհարկե, չի նշանակում, որ հակասությունն անհետանում է կամ դադարում է մարդկանց անհանգստացնել: Ընդհակառակը, կարծում եմ՝ ինձ հետ կհամաձայնեք, որ այդպիսի դեպքերում խնդիրը մարդուն ներքուստ ավելի շատ է խանգարում, քանի որ անընդհատ զբաղեցնում է նրա միտքը և բացասական հույզերի պատճառ դառնում: Չեք կարծո՞ւմ արդյոք, որ նման իրավիճակներում ավելի հարմար և օգտակար է խնդրի մասին մեկ անգամ հակադիր կողմի հետ խոսել, արտահայտվել, լսել նաև դիմացինի կարծիքը և փորձել համատեղ լուծում տալ խնդրին, քան թե շարունակել պահպանել ներքին լարվածությունը:

Եկեք դիտարկենք, թե կոնֆլիկտին ինչ է նախորդում կամ որոնք են դրա զարգացման փուլերը: Կարելի է ասել, որ կոնֆլիկտին մշտապես նախորդում է կենսական որևէ իրավիճակ, որում ներկայացված են հակադիր կողմեր, որոնք որոշակի նպատակներ, հետաքրքրություններ ու պահանջմունքներ ունեն: Բնական է, որ երբ կողմերից մեկը խանգարում է մյուս կողմի որևէ պահանջմունքի բավարարմանը, կոնֆլիկտի համար սոցիալ-հոգեբանական հիմք է ստեղծվում: Սա այն հակասության կառուցվածքն է, որը դեռևս կոնֆլիկտի չի վերածվել: Այսպիսով, կոնֆլիկտային իրավիճակը մարդկային պահանջմունքների և հետաքրքրությունների այնպիսի համատեղում է, որը հիմք է նախապատրաստում տարբեր մարդկանց միջև իրական հակադրության համար:

Այժմ եկեք դիտարկենք կոնֆլիկտի դրական կամ բացասական դերը: Հնարավո՞ր է արդյոք կոնֆլիկտի մեջ որոշ կառուցողական, դրական կողմեր տեսնել, թե՞ կոնֆլիկտը միշտ բացասական ու վնասակար է: Կենցաղային տեսանկյունից այստեղ պատասխանը կարող է միմիայն բացասական լինել, քանի որ կոնֆլիկտը կապված է այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են կենցաղային վեճերը, աշխատանքային տհաճությունները: Այստեղից էլ կոնֆլիկտը բնութադրվում է՝ որպես բացասական երևույթ: Բայց ավելի ուշադիր լինելու դեպքում կարելի է այլ պատկեր տեսնել, այլ մոտեցում ձևավորել, որի համաձայն կոնֆլիկտը ոչ միայն բացասական սոցիալական երևույթ է, այլ նաև դրական կողմեր ունի:

Պարզվում է, որ նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակում կարող են դրական ուժեր ծնվել, դրական գործընթացներ սկսվել: Այստեղ ակամայից մտաբերում եմ իմ ավագ ընկերներից մեկի դիտարկումն այն մասին, որ մինչև կոնֆլիկտ չլինի, բողբոջը չի պայթի, ծաղիկը չի ծաղկի և պտուղ չի տա: Քանի որ մարդկային փոխհարաբերություններում կոնֆլիկտներն անխուսափելի են, բայց դրանք կարող են նաև դրական ու կառուցողական դերակատարում ունենալ, բոլորիս համար էլ օգտակար կլինի հասկանալ, թե ինչ օգուտներ կարելի է քաղել կոնֆլիկտային իրավիճակից:

Մասնավորապես՝ • կոնֆլիկտները նպաստում են մարդկային առաջընթացին, կանխում լճացումը, • կոնֆլիկտի ընթացքում տարաձայնության աղբյուրի ճշտում, հստակեցում է կատարվում և հնարավոր է այն հարթել, ինչը հանդես է գալիս որպես հետագա կոնֆլիկտների կանխարգելման միջոց: • Կոնֆլիկտը հնացած, իրենց սպառած հարաբերությունների ժխտում է, ինչի շնորհիվ նոր, թարմ հարաբերություններ են ծնվում, • կոնֆլիկտի դրսևորման ընթացքում մասնակիցների մոտ ներքին լարվածությունը, ագրեսիվ զգացմունքները դուրս են հորդում, ինչը անկասկած դրական ազդեցություն է թողնում անձնավորության վրա: • Կոնֆլիկտը անձի ինքնահաստատման միջոց է, հատկապես դեռահասության տարիքի մարդկկանց համար, որոնց մոտ կոնֆլիկտը խմբում իրենց դիրքի պահպանման համար վարքի անհրաժեշտ միջոց է: • Միջխմբային կոնֆլիկտները բարձրացնում են իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Մասնավորապես, պատկերացրեք, որ դասարանով որևէ միջոցառում եք կազմակերպում, իհարկե, պատասխանատվությունը մեծանում է այն դեպքում, եթե այդ միջոցառումը անցկացվելու է այլ դասարանի հետ մրցության տեսքով: • Միջխմբային կոնֆլիկտները նպաստում են ներխմբային հարաբերությունների ամրացմանը: Սա այն դեպքն է, երբ արտաքին հակառակորդի դեմ դուրս գալու համար, մենք մի կողմ ենք դնում մեր տարաձայնությունները և միավորվում ենք: Մյուս կողմից, առանձնացվում են նաև ապակառուցողական կոնֆլիկտի առանձնահատկությունները. • կոնֆլիկտի ընդլայնումը: • կոնֆլիկտի անկառավարելի դառնալը: Երբեմն կոնֆլիկտը իրեն ծնող պատճառներից անկախ է դառնում, և եթե նույնիսկ կոնֆլիկտ ծնող պատճառները վերացված են կամ աննշան են, միևնույնն է, կոնֆլիկտը շարունակում է գոյություն ունենալ: • կոնֆլիկտի մասնակիցների կորուստների մեծացումը, • մասնակիցների իրավիճակային դրսևորումների, արտահայտությունների, ագրեսիվ գործողությունների աճը: Այսպիսով, խոսելով կոնֆլիկտի օգտակարության կամ վնասակարության մասին, հարկ է նշել, որ կոնֆլիկտն օգտակար է այնքանով, որքանով օգնում է լուծել տարաձայնությունները: Իհարկե գոյություն ունեցող տարաձայնությունների լուծման լավագույն տարբերակը խաղաղ կառուցողական ճանապարհն է, որն իրականացվում է խաղաղ, քաղաքակիրթ ուղիներով և միջոցներով, երբ կոնֆլիկտի հակադիր կողմերն ու բոլոր մաասնակիցները փոխադարձ ըմբռնման են հասնում մինչև կոնֆլիկտային իրավիճակի ստեղծվելը, ժողովրդական լեզվով ասած` մինչև դանակը ոսկորին հասնելը: Հետևաբար, մեր հաջորդ խնդիրը կոնֆլիկտային իրավիճակների կանխմանը կամ դրանց հարթմանն ուղղված առաջարկությունների քննարկումն է: Ահա կոնֆլիկտային իրավիճակներում վարքի մի քանի հիմնական կանոններ, որոնք կարող են նպաստել կոնֆլիկտի կանխմանը կամ հարթմանը. Կանոն 1. Չընդլայնել վեճի առարկան, դժգոհության պատճառը. Հաճախ մեր կողմից արված դիտողությունները հեղհեղուկ են, ոչ կոնկրետ: ՈՒսուցիչը, օրինակ, աշակերտին ասում է ՚Դու կարծես սկսել ես պարապմունքներին վատ վերաբերվելՙ: Կամ աղջիկներից մեկը մյուսին մեղադրում է իր մասին զազրախոսելու մեջ, բայց ասելիքը չի կոնկրետացնում: Հարցի նման ձևակերպման դեպքում դիմացինին մնում է միայն գուշակել, թե իր վատ վերաբերմունքը ինչում է արտահայտվում: Կանոն 2 Միանգամից մի քանի դժգոհություն չարտահայտել. Մարդու նկատմամբ միանգամից մի քանի դժգոհություն արտահայտելը, կամ նրան միանգամից մի քանի հարցում մեղադրելը դիմացինի մոտ տպավորություն է ստեղծում, որ ինքը մեղավոր է շուրջը կատարվող ամեն ինչում և նա սկսում է արդարանալ նույնիսկ այն հարցերում, որոնցում իրեն չեն մեղադրում: Արդյունքում կոնֆլիկտող կողմերից մեկի մոտ դժգոհություն է ձևավորվում այն կապակցությամբ, որ շրջապատողներին ոչնչով հնարավոր չէ գոհացնել, որին հաջորդող քայլը լինում է ՚Եթե ես Ձեզ դուր չեմ գալիս, կարող եմ և Ձեզ հետ չշփվելՙ: Այս դեպքում կողմերի միմյանցից հեռացում է տեղի ունենում, ինչը դժվար է կոնֆլիկտի դրական լուծում անվանել: Կանոն 3.Արդարամտորեն վերաբերվել կոնֆլիկտը հղացող կողմին. Ցանկացած միջանձնային կոնֆլիկտ սկսվում է նրանից, որ հայտնվում է մեկը, որն ինչ-որ բանից դժգոհ է: Եթե մարդը անհամաձայնություն է հանդես բերում, արտահայտում է իր վիրավորվածությունն ու դժգոհությունը, նշանակում է նա ակնկալում է, որ հակառակ կողմը կլսի իրեն և կփոխի իր վարքը: Կարևոր է մեր մեջ դիրքորոշում ձևավորել, որ ցանկացած մարդ մշտապես դժգոհելու համար որևէ առիթ ունի և իր դժգոհությունը արտահայտում է ոչ թե հաճույքի համար, այլ որովհետև ինչ-որ բան նրան անհանգստացնում է, ստիպում է տանջվել: Այդ իսկ պատճառով, պետք չէ միանգամից հրաժարվել կամ հերքել դիմացինի կողմից արտահայտած դժգոհությունները, առավել ևս պետք չէ կոպտել դժգոհողին, այլ պետք է հանգիստ և ուշադիր լսել նրան և փորձել հասկանալ: Կանոն 4.Հուզական զսպվածություն ցուցաբերել. Հաճախ կոնֆլիկտի պատճառը մեր` դիմացինի հետ խոսելու խիստ հուզական տոնն է: Խոսքի բացարձակ տոնը, անքննարկելի, անհերքելի դատողությունները, բարձր ձայնը, արտահայտությունների մեջ ճիշտ ընտրություն չկատարելը մարդկանց մոտ լարված հուզական վիճակ է ստեղծում: Բնական է, որ մեր անտակտ, երբեմն նաև կոպիտ վերաբերմունքը շրջապատողների մոտ պատասխան հակազդում է առաջացնում: Ինչպես ասում են ՚ինչ ցանես, այն կհնձեսՙ: Բայց այդպիսի վարքը մեզ չի օգնի հասնել ցանկալի նպատակին: Այդ իսկ պատճառով, մենք պետք է սովորենք զսպել մեր հույզերը, առավել ևս գործնական կոնֆլիկտը չտեղափոխենք անձնական դաշտ, չվիրավորենք դիմացինի անձը, նրա արժանապատվությունը: Կանոն 5. Ձևավորել կոնֆլիկտային իրավիճակի դրական լուծում. Եթե մեր շրջապատում, մեր ընկերների միջև կոնֆլիկտային իրավիճակ է առաջանում, ցանկալի է տվյալ կոնֆլիկտի լուծումը ուղղորդել` փորձելով վերացնել պատճառը, որը կողմերից մեկին դժգոհության առիթ է տվել: Դա կարող է արվել մասնակի զիճման կամ պահանջները թեթևացնելու ձևով: Հուսով եմ, որ այն ամենը ինչ ասվեց կոնֆլիկտի, որպես հոգեբանական երևույթի և հատկապես դրա դրական կողմերի մասին, Ձեզ հնարավորություն կտա կյանքում հանդիպող կոնֆլիկտային իրավիճակներում Ձեզ հնարավորինս ճիշտ դրսևորել և նման իրավիճակներից առավելագույն դրական արդյունք քաղել: Այնուամենայնիվ, մաղթում եմ, որ անխուսափելի կոնֆլիկտները անպայման դրական լուծում ստանան և նոր ձեռքբերումների համար հող նախապատրաստեն: Հոգեբան` Անի Ավագյան
Կատեգորիա: Մարդը | Ավելացրեց: Admin (10.04.2012)
Դիտումներ: 2988 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1

1 LILIA   (05.11.2013 18:25)
meknabanutyunner ckan

View: / Added by: / Date: