Գլխավոր էջ » Հոդվածներ » Դեղաբույսեր

Խատուտիկ դեղատու

Խատուտիկ դեղատու - Одуванчик лекарственный - 

Taraxacum officinalis Wilg.


Խատուտիկ դեղատու - Одуванчик лекарственный - Taraxacum officinalis Wilg.

Հայկական տարանունները ակլատիզ, խմբաբա, խտուտ, խտուտիկ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ

Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 15 սմ բարձրության բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է: Տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները` լեզվակաձև, վառ դեղին: Սերմիկները թխավուն են կամ` գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պահպանում է 10-20 տարի: Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին: Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում. մոլախոտ է, աճում է այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ: Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում: ''Տարաքսակում'' անունը ունի հունական ծագում, որը նշանակում է հանգստացնող: Ըստ Կ. Ա. Տիմիրյազևի, եթե խատուտիկի բոլոր սերմերը աճեին, ապա կարճ ժամանակում կծածկեին ողջ երկրագունդը:

 

Քիմիական բաղադրությունը: Արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, B-սիտոստերին, մինչև 40% ինուլին, մինչև 3% կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական և կալցիումական աղեր: Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները` ճարպ, պարաքսանթին, կարոտինոիդներ, A, B1, B2, C, PP վիտամիններ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից` երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը, որը հանում են բահով` ուշ աշնանը, երբ թառամում են տերևները, կամ` վաղ գարնանը: Ավելորդ մասերը հեռացնում են, լվանում ջրով, թողնում արևի տակ մինչև կաթնահյութի կտրվելը: Այնուհետև չորացումը շարունակում են տանիքում կամ չորանոցում` միջանցուկ քամու տակ: Չոր հումքը կազմում է ելանյութի 33-35 %-ը: Բույսի վերգետնյա մասը հավաքում են միայն սահմանափակ չափով` ծաղկման ընթացքում: Բույսը անհոտ է, դառը համով:

 

 

Որպես դեղաբույս խատուտիկի օգտագործումն ունի հին պատմություն: Դեռևս Թեոֆրաստն այն առաջարկել է դեմքի պեպենները և ''լերդային բծերը'' հեռացնելու համար: Ավիցեննան բուսահյութը նշանակել է դռներակային կանգի, ջրգողության և կարիճի խայթոցի ժամանակ, կաթնահյութը` ակնահատը բուժելու նպատակով: Եփուկից պատրաստելով քսուք, նա խառնել է այլ միջոցների հետ և դրել արցունքագեղձի վրա` վերջինիս բորբոքումների ժամանակ: Հյութը տվել է ըմպելու ստամոքսի սուր բորբոքումների, իսկ չորացրած տերևը` ստամոքսի թարախաբորբի ժամանակ: Ամիրդովլաթը, ''տարայղուստղան'' անվան տակ, նշում է, որ բույսը արմատով ուտելիս, կտրում է արցունքահոսությունը, լավացնում բերանի համը:

 

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բուսահյութը համարվել է ''կենսատու ըմպելիք'', որը ընդունակ է ''արյունը մաքրելու'' և ունի խուխամուղ, մարսողությունը կանոնավորող, դեղնուկը վերացնող և քունը կարգավորող, հատկություն:

 

Բուլղարիայում թարմ տերևները և հյութը օգտագործում են աթերոսկլերոզի, C-ավիտամինոզի, մաշկային, լյարդի, լեղապարկի, ստամոքսի և աչքերի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ճարպերի վատ յուրացման, աղեփքանքի, փորկապության և թութքի ժամանակ: Գերմանիայում, բացի վերոհիշյալ դեպքերից, արմատն օգտագործում են փայծաղի, երիկամների և միզապարկի, ինչպես նաև երիկամաքարային հիվանդությունների ժամանակ: Ըստ Բեսլերի, մատղաշ տերևներն ու թարմ բուսահյութը օգտակար են դռներակի կանգային երևույթների, ռևմատիզմի, պոդագրայի և ավիտամինոզների ժամանակ, ինչպես նաև ծանր ինֆեկցիոն հիվանդություններից հետո:

 

 

 

Լեհաստանում դեղաբույսն օգտագործվում է ընդհանուր թուլության, վատ ախորժակի և լեղուղիների որոշ հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսը լայն ճանաչում ունի նաև Ֆրանսիայում: Այստեղ այն կիրառվում է լեղուղիների քրոնիկական բորբոքումների և աթերոսկլերոզի ժամանակ` որպես արյան մեջ խոլեսթերինի քանակն իջեցնող միջոց: Առաջարկում են նաև օրվա մեջ ընդունել 50-100 գ թարմ բուսահյութ` որպես ''արյունը մաքրող'', օրգանիզմը տոնուսավորող, միզամուղ, ստամոքսի գործունեությունը ուժեղացնող միջոց, ինչպես նաև դեղնուկի, մաշկային ցանավորումների և պոդագրայի բուժման նպատակով: Ըստ Dextreit-ի (ցիտ. Ն. Գ. Կովալևայի), խատուտիկի պատրաստուկները նվազեցնում են արյան գերհոսը դեպի լյարդ և լուծում են լեղաքարերը: Նույն ցիտումով, Carnier-ը դեղաբույսն առաջարկում է որպես ընդհանուր կազդուրիչ և մարսողությունն աշխուժացնող միջոց, նշանակելով ամեն օր, 3-4 ցողուն` եփուկի ձևով:

 

Միջին Ասիայում տերևների թարմ հյութը օգտագործում են սակավարյունության, կրծքացավերի և ընդհանուր թուլության ժամանակ, ինչպես նաև որպես լուծողական, իսկ կաթնահյութը` գորտնուկների վերացման համար: Չինական ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող և քրտնամուղ միջոց: Այն նշանակվում է վատ ախորժակի, ֆուրունկուլյոզի և ավշահանգույցների բորբոքումների ժամանակ: Գտնում են, որ տերևները, ներքին ընդունման ձևով, ավելացնում են ծննդկանի կաթը, նվազեցնում ինտոքսիկացիան օձի կծելու դեպքում, իսկ արտաքին ձևով` օգտագործում են վերքերի բուժման համար: Չեխական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են լեղուղիների հիվանդությունների և շաքարախտի ժամանակ: ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է լյարդի հիվանդությունների, մաշկային պզուկների, էկզեմայի, ֆուրունկուլյոզի, փորկապության և թութքի ժամանակ: Համարվում է որպես մարսողությունը դրդող, թեթև լուծողական, ''արյունը մաքրող'' և խուխամուղ միջոց: Տարբեր ժողովուրդների կենսափորձից նշվում է, որ դեղաբույսն ունի նաև արյունահոսությունը դադարեցնող, ճիճվամուղ, արյան կազմը լավացնող, քրտնամուղ, քնաբեր և հանգստացնող, գորտնուկները, ոտքերի կոշտուկները և սուսանակը բուժող հատկություններ: Դեղաբույսը օֆիցինալ է աշխարհի շատ երկրներում, իսկ մեզ մոտ այն մտել է պետական ֆարմակոպեայի մեջ 1946 թ.: Գիտականորեն հիմնավորված են արմատի` ախորժակը դրդող, փորկապությունը վերացնող և լեղամուղ հատկությունները: Այն նշանակում են անորեքսիայի, անացիդ գաստրիտների, ասթենիկ վիճակի և բարձր ջերմության ժամանակ: Արմատը մտնում է ախորժակաբեր և միզամուղ հավաքածուների բաղադրության մեջ: Ամբողջ բույսից ստացված մզվածքը դեղատներում օգտագործվում է դեղահատեր ձևավորելու գործում:

 

Կիրառման եղանակները: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ մանր կտրատված հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում 1/4 բաժակ, օրը 3-4 անգամ` 30 րոպե ուտելուց առաջ, կամ 2 թեյի գդալ մանրացրած արմատը մութ տեղում թրմում են 8 ժամ 1 բաժակ սառը ջրում, ապա ըմպում օրվա ընթացքում 3-4 անգամ: Ամբողջ բույսից ջրաթուրմ պատրաստելու համար 6 գ չոր հումքը 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

 

 

 

Ախորժակաբեր № 3 թեյի մեջ պարունակվում է օշինդր, հազարտերևուկ և խատուտիկի արմատ` 2:2:1 հարաբերությամբ: Այն ընդունում են թուրմի ձևով, 1-ական ճաշի գդալ, ուտելուց 10-15 րոպե առաջ` 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 20 րոպե թրմելուց հետո: Միզամուղ № 6 թեյի մեջ հավասար չափերով մտնում են գիհու պտուղներ, կեչու տերև, խատուտիկի արմատ: Այն ընդունում են թուրմի ձևով, 1-ական ճաշի գդալ, օրը 3 անգամ` 1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում 15 րոպե թրմելուց հետո:


Արմատից եփուկ պատրաստելու համար 30 գ հումքը 30 րոպե եփում են 1 լ ջրում և ըմպում կեսական բաժակ` օրական 2-3 անգամ, կամ 20 գ հումքը 10 րոպե եփում են 1 բաժակ ջրում, ապա ընդունում 1/4-1/2 բաժակ` օրական 3-4 անգամ: Միքստուրա պատրաստելու համար 100 գ թարմ արմատահյութը խառնում են 90° 15 մլ սպիրտի, 15 գ գլիցերինի և 17 մլ ջրի հետ: Այն ընդունում են 1-ական ճաշի գդալ` օրական 2 անգամ:

 

Ամբողջ բույսը` վերածելով փոշու, միանվագ ընդունում են 2-3 գ, իսկ արմատափոշին` դանակի ծայրով, օրական 3 անգամ: Վերջինս` հավասար չափով խառնելով մեղրի հետ, օգտագործվում է որպես քսուք:

 

Այլ օգտակար հատկանիշները: Խատուտիկը շատ երկրներում համարվում է որպես սննդային բույս. հաճախ աճեցնում են բանջարանոցներում և տերևներից պատրաստում սալաթ: Այս նպատակով մատղաշ տերևները 30 րոպե թողնում են սառը աղաջրում` դառնահյութը վերացնելու համար, ապա խառնում են քացախի և պղպեղի հետ ու օգտագործում: Ավելի հասուն տերևները խաշում են սպանախի նման և տապակում: Աշնանը ուտում են արմատը, որը ինուլինի շնորհիվ բավականաչափ քաղցր է: Բոված արմատը փոխարինում է սուրճին և եղերդակին, վաղահաս մեղրատու բույսերից մեկն է: Խատուտիկի մեղրը ոսկեդեղնավուն է, թանձր, շատ բյուրեղացող, բնորոշ հոտով և սուր համով, միաժամանակ համարվում է արժեքավոր կերախոտ, հատկապես ճագարների համար:


http://www.med-practic.com

Կատեգորիա: Դեղաբույսեր | Ավելացրեց: Admin (02.10.2013)
Դիտումներ: 7208 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

View: / Added by: / Date: