Գլխավոր էջ » Հոդվածներ » Պոեմներ

Մեհրի
― Սիրելի Մեհրի, չէ՜, ամեն երկրում
Մարդիկ այսպիսի նեղություն չեն կրում.
Այս ի՞նչ երկիր է. կեր չըկա կարգին,
Ամեն ավազակ տեր է մեր գլխին․․․
Դողալով մնում է մարդ ամեն վայրկյան ,
Թե ահա իսկույն, ուր որ են, կըգան,
Կնոջս տանից կառնեն-կըտանեն,
Որդիս կըխլեն կամ ինձ կըսպանեն,
Հալալ հաց չունենք թուրքիցն անկշտում,
Դառն աշխատում ենք ու դատարկ նստում.
Գետինը ձգած սերմը չենք վերցնում․․․
Այս ի՞նչ կյանք է, դե՛ քեզ եմ հարցնում։

― Ես գիտեմ, Մհե, ինձ ու՞ր ես ասում,
Այսպես է, հոգիս դուն ի՞նչ ես ուզում․․․

― Մեզանից հեռու, ասում են, որ մի
Աշխարք կա, Մեհրի, բարեկարգ ու լի.
Այնտեղ չի իշխում գազանի կիրքը,
Այնտեղ չէ հարգվում կեղծավոր դիրքը,
Եվ մարդիկ այնտեղ իրար հետ սիրով
Ապրում են հանգիստ թուրքից ապահով.
Իսկ փողն այնտեղ հողի պես լի է,
Ես էլ կըգնամ շատ կարելի է․․․

― Օ՜, այս ցավերիցն ես դուն հեռանում,
Ապա ե՞ս, Մհե, ինձ ի՞նչ ես անում․․․

― Քեզ․․․ քեզ կըհանձնեմ տիրոջ խնամքին,
Իսկ ես հնազանդ նրա սուրբ կամքին,
Կըգնամ, հոգի՛ս, աշխատանք կանեմ,
Գուցե շուտով գամ ու քեզ էլ տանեմ․․․

― Այստեղ աշխատի՛ր, մի, գնալ, Մհե,
Ինձնից հեռանալ չեմ թողուլ, չէ՛, չէ՛,
Լավ է միասին մեր ցավը քաշենք,
Քան իրար կարոտ, սիրտներս մաշենք․․․

― Սիրելի Մեհրի, ինձ հետ հավասար
Դուն քարշ ես եկել, ընկել քարեքար,
Միշտ պակաս օրով, կիսակուշտ փորով,
Շատ անգամ տկլոր, բոբիկ ոտներով։
Ի՞նչ ենք աշխատել, ցու՛յց տուր ինձ, հոգիս,
Ի՞նչ, ի՞նչ ես տեսնում տանս կամ հագիս.
Բայց ուրիշ բան է, թե այնտեղ գնամ,
Տես ինչպես պիտի շուտ հարստանամ։
Այն հարստությունն ես ի՞նչ եմ անում․

― Ա՛խ, Մհե, Մհե, դուն չես իմանում,
Ի՞նչ է ինձ տանջում, թե որ իմանաս․․․
Այն օտար երկրում թե հիվանդանաս,
Գոնե, ո՞վ պիտի քեզ սառը ջուր տա,
Պատռածդ կարի, կեղտդ լվանա․․․
Ազիզ օր կըգա, դուն անտուն, մենակ,
Կուչ կըգաս սրա նրա պատի տակ․․․
Լցվեց, հեկեկաց Մեհրին դառնագին.
Սիրտ տվեց Մհեն. ― «Բան չըկա, ա՜յ կին»․․․

II

Մի աշնանային ցուրտ իրիկուն է.
Ծխոտ ու փլեկ հին գլխատուն է .
Ածխակոթերը մլում են տխուր.
Օջախի շուրջը նստոտած են լուռ.
Ծեր սկեսար կողքին հարսն է կուչ եկած,
Մհեն նստած է երկուսի դիմաց։
Հազիվ էր նկատվում նրանց դեմքերը.
Տխուր են մարդ ու կին, տխուր է ծերը,
Հոնքերի տակից փայլում էր թախիծ,
Եվ ահաբեկված մի գաղտնի վախից,
Բերանն անատամ, դողդոջուն ձայնով
Այսպես բաց արավ՝ իրանն պահելով.

― Ո՞ւր ես կամենում գնալ, իմ Մհե,
Այնտեղ ի՞նչ կա, ի՞նչ, նպատակդ ի՞նչ է,
Ի՞նչու ես թողնում քո հոր օջախը,
Ալևոր հորդ, քո օղլուշաղը։
Ես ծերացել եմ, առաջվանը չեմ,
Որ ամեն ցավի ետևից թռչեմ.
Արդեն հասել են մահվանս օրերը,
Դուն էլ գնում ես, ո՞վ է մեր տերը։
Կաց այստեղ, որդի հորըդ ականջ դիր,
Ձեռդ չեն բռնում այստեղ աշխատիր։

― Այստեղ ի՞նչ կա հայր, որ այստեղ աշխատեմ
Հենց թեկուզ ասեմ, մնամ, աշխատեմ,
Ի՞նչը կըպրծնի անօրեն թուրքից, ―
Մարդու հացն անգամ խլում են ձեռքից։

― Ոչ ոք չի դիպչիլ քո արդար հացին,
Տուր փարեն՝ պրծիր չարեն, ասացին
Մեր լուսահոգի խելոք պապերը։
Կատարի՛ր, որդի, նրանց պատվերը.
Սոված չես մնալ, բախտավոր կըլինես,
Թուրքն էլ քաղցր աչքով միշտ կընայե քեզ։

― Աշխատանք չըկա, հայրիկ, աշխատանք,
Եղած չեղած էլ որ թուրքերին տանք,
Ի՞սկ մենք ինչ անենք, սոված կոտորվե՞նք.
Մինչև եր՞բ այսպես չարչարվենք։

― Մեր ցավն է, որդի, մենք պիտի տանենք,
Դուն ո՞նց ես ուզում, ուրիշ ի՞նչ անենք.
Եթե ձեռքիդ մի բան է գալիս,
Դե արա՛, ու՞մ ես էլ մտիկ տալիս,
Թե չէ, ինչու՞ ես կորչում հողեց հող,
Ո՞վ է քեզ համար այնտեղ կըտրել փող։

― Չըգիտես, հայրիկ այդ ինչ ես ասում ,
Այն երկրում փողը թիով են դիզում.
Դուն չես հավատում Մկոյի խոսքին ,
Որ այնտեղ խանով են չափում ոսկին։

― Խանով ոսկին քեզ համար չեն չափում,
Ցնորքներ են, որդի, քեզ շլացնում, խափում.
Դարձի՛ր այդ ճամփից, լսի՛ր ծեր հորդ,
Պանդխտության մեջ կըսևացնես օրդ։

― Ես չեմ ուզում, հայր, օրեր սևացնել,
Այլ մեր սև օրին մի ճար հասցնել.
Ես պիտի գնամ , և երբ որ աստծով
Կըվերադառնամ ձեռքս լի ոսկով,
Կըգովես որդուդ, թե ինչպես չարեց
Այդ հարստությունդ քեզ մխիթարեց։

― Դու գիտես, որդի, գնա՛, տեր ընդ քեզ
Բայց տե՜ս, մտիցդ երբեք չըձգես
Պապիդ օջախը, քո հայրենիքդ,
Ծերունի հորդ, ջահել կնիկդ.
Թե սրանց, Մհե, դուն կըմոռանաս,
Իմացի՛ր, թեկուզ թագավոր դառնաս
Օր չես քաշելու քո արած մեղքից։
Բարի ճանապարհ. թող քեզ ուղեկից
Լինի այն հրեշտակն, որ երբեմն տարավ
Կովբիթի որդուն Մարաստան.
Իսկ ես հայրական սրտով վիրավոր
Մեզ համար աղոթք կանեմ ամեն օր-
Է՜հ, գնա՛, որդի, գնաս-գաս բարով.
Վերջացրեց խոսքը ծերունին զոռով․․․

III

Տանջվում էր, տանջվում խղճալի Մեհրին.
Խառնվում էին նրա վշտերին
Եվ սերունդ էին տալիս անհամար
Կասկածները տխուր ու համառ։
Սարսափում էր նա, երբ ամեն վայրկյան
Մտաբերում էր ժամըն անջատման.
Մի օր էլ մնաց, մի օրը վերջին,
Որ ճամփու դնե Մեհրին Մհեին։
Եվ արտասվելով խեղճ կինը կարեց
Մի սիրուն ղայլուխ ու վրեն շարեց
Գույնզգույն հուլունքներ վզի շարանից,
Մարդուն հիշատակ տվեց իրանից։

IV

― Դե՛հ, մնաք բարով, ծերունի հայրիկ,
Նազելի Մեհրի, սիրուն հայրենիք,
Սրտակից տղեք, ընկեր - հարևան,
Մոտիկ բարեկամ, արյուն - ազգական․․․

Ասաց սրտաբեկ երիտասարդը,
Եվ, անիծելով իրան չար բախտը,
Ճանապարհ ընկավ. այնինչ ջրատար
Մեհրին ետևից նայում էր երկար։
Մհեի հայրն էլ, զառամ ծերունին,
Դողալով հենված յուր գավազանին,
Բերանը բացած , ձեռքը ճակատին
Նայում էր ապշած Մհեի ճամփին։
Դեռ երևում էր սև կետի նման ,
Այն էլ չքացավ, և ամենայն բան
Վերջացավ պրծավ. ծերուկն ու Մեհրին
Ապշած ու քշված, կանգնած մնացին։
Մհեին ճամփու դնելու համար
Հավաքվածները, իբրև մխիթար,
Մեհրուն ու ծերին հուսադրական
Խոսքեր խոսացին, կամաց հեռացան։
Բայց երկա՜ր, երկեր, մի ձայն թույլ, չնչին
Այսպես խոսում էր նրանց ականջին.

― Սիրելի Մեհրի, մնացիր բարով,
Աչքերդ լցրած, տխուր երգերով
Չըհիշես էլ ինձ , մոռացիր, հոգիս,
Չըկանգնես երկար, չընայես ճամփիս.
Թե աչքդ մնա, կըխաբե նա քեզ,
Թե հանկարծ շեմքում ոտնաձայն լսես,
Հանգի՛ստ, սիրելիս, գիշերվան ժամին
Գիտե միշտ խաբել խաբուսիկ քամին։
Գուցե թե գիշերն անքուն աչքերով,
Եվ հանկարծ մինը ծոր տա ու թռչի,
Մութ հորիզոնի սահմանում կորչի,
Խռոված հոգով և հազար ու մին
Մտածմունքներով մտնես անկողին,
Մի տխուր երազ կըգա կազդե քեզ,
Որ քո Մհեին էլ տեսնելու չես․․․

― Իսկ դուն , ո՜վ անբախտ և չարատանջ մարդ,
Դուն, իմ ծերունի հայրիկ ալեզարդ,
Երբ որ կըխնդրես արդեն չորացած
Քո բազուկներդ երկինք տարածած
Ուր էլ չես գտնիլ ծերության նեցուկ,
Որքան արտասուք կըթափես ծածուկ.
Ո՛հ, ինչպես պիտի քո ճերմակ միրքի
Վրայից հոսեն հորդ արտասուքի
Աղի շիթերը, թրջեն վշտակոծ
Մազոտ, մերկ կուրծքդ, ևինչպես սև օձ
Կըթունավորեն օրերդ ծերության
Գաղտնի կասկածներդ Մհեիդ մահվան։
Քո որդու ձեռքի հողին անբաժան
Կըխփես, հայրիկ, աչքերդ հավիտյան.
Անմխիթարանք և որդուդ կարոտ.
Բայց և քո տխուր գերեզմանի մոտ
Չի կանգնելու քո Մհեն երբեք․․․
Դուք այնտե՛ղ, այնտեղ իրար կըգրկեք․․․

V

― Վարդիթեր քույրիկ, գիշերս երազում
Դռնիցն ականջիս մի ձայն է հասնում,
Տնքում է երկա՜ր և ծանր հառաչում ,
Հանկարծ մի կամաց Մեհրի է կանչում։
Դուրս եկա, տեսնեմ ՝ Մհեն է կանգնած
Մի սև ձի հեծած թռավ ու գնաց .
Ետնուց կանչեցի՝ Մհե՜, կաց, արի՛.
Հենց այս կանչելումն աչքս բաց արի։
Էլ ետ չընայեց, սև ձիուն հեծած,
Սև շորեր հագած, սև ճամփով գնաց.
Քամու նման էր այն սև ձին վազում.
Ի՞նչ է, Վարդիթեր, սև ձին երազում։

― Մեհրի, տեր աստված բարին կատարի,
Տիրամոր առաջ մի ջուխտ մոմ վառի։
Երեք օր ռաջ Շողերի գարին
Թեև մոտիկ էր ցույց տալիս բարին,
Բայց չար հարամին և / նա այսպես ասաց /
Ճամփա չէ տալիս առաջըդ կտրած։

― Մեհրի, տեր աստված բարին հառաչի,
Գրավ խոստացի՛ր սրբի ու խաչի։
Իսկ այս առավոտ մի ագռավ եկավ
Երդիկին վեր եկավ, սիրտս դող ընկավ,
Երբ բերան բացեց , գլուխն ուտե իրան,
Բոթաձայն կռվեց ճիշտ երեք բերան։
Մեհրի, տեր աստված բարին կատարի,
Տիրամոր առաջ մի ջուխտ մոմ վառի։

VI

Մի օր մի քանի հայ անցավորական
Քրտնքամխած այն ճամփովն եկան,
Կանգ առան այնտեղ ու շունչ քաշեցին,
Փշոտած դեմքից փեշին սրբեցին։
Դեպ այն շիրիմը նրանցից մեկը
Երկչոտությունով մեկնեց յուր ձեռքը
Եվ այսպես հորդոր կարդաց մյուսներին.
Եղբայրք, ողորմի տվեք Մհեին.
Սրանից առաջ մի քանի տարի
Եկանք տեսանք, որ այս ճանապարհի
Վերա հավաքված գիշակեր թռչուն
Գիշատող գազան, մի լեշ են ուտում,
Քշեցինք նրանց , - տեսանք մի դիակ
Ի՜նչպես սոսկալի, Ի՜նչպես այլանդակ
Շատ տգեղ էին և զարհուրելի
Սիպտակ շարքերը բաց ատամների.
Դատարկ աչքերի փոսից էլ, կարծես,
Տխուր հայացքով նայում էր նա մեզ։
Դեմքին ու լեշին երկար նայեցինք.
Վերջը շորերից միայն ճանաչեցինք,
Եվ պատառոտած նրա դիակը
Քարշ տվինք հասցրինք այն ծառի տակը։
Թաղեցինք այնտեղ և փախանք թաքուն։
«Աստված ողորմի Մհեի հոգուն».
Մի բերան ամենքն ասացին սրտով
Եվ ահակալած հեռացան փութով։

VIII

Գնում է ճամփան մտնում մի ավան,
Տխուր, կիսավեր հայի բնակարանը,
Եվ այդ ավանի նույնիսկ առաջն
Տան շեմքում կանգնած դեռահաս մի կին,
Երեսը ծածկած բարակ քուշուշով,
Առաջին ճամփին նայում է ուշքով.
Այդ ճամփով մի օր նրա սիրելին
Գնաց հեռու տեղ, չըդարձավ կըրկին։

IX

Տարիներ անցան, և աչքը ճամփին
Մնաց նայելիս նորահարս Մեհրին.
Ձեռքերը ծոցին, աչքերը լցված
Նայում էր, խոսում նա տարակուսած.
Ա՜խ, մի ծիտ դառնամ, թռչեմ ու գնամ,
Գտնեմ Մհեիս, տեսնեմ մի անգամ.
Բայց ո՞վ կըտա ինձ թռչելու թևեր․․․
Երնեկ իմանամ, երնեկ մինն ասեր,
Թե այս րոպեին նա ինչ է անում։
Գո՞րծ ունի արդյոք, հաջո՞ղ է գնում,
Արդյոք մի անգամ ինձ միտն է բերում,
Գիտե՞, թե օրերն ինչպես եմ համրում.
Ով գիտե, գուցե այնտեղ մի սիրուն
Խանում կին սիրեց, մոռացավ Մեհրուն,
Կամ, գուցե, հիվանդ տնքում է հիմա,
Չորս կողմը նայում՝ յուր Մեհրին չըկա
Թե չար թշնամին, ձեռքը չորանա,
Սուրը բարձրացրեց Մհեիս վերա.
Չըլինի թե վաղուց, Մեհրի ու աշխարհք
Մոռացած, թողած, նա սև հողի տակ․․․
Ա՜խ, ինչո՞ւ է, ինչո՞ւ այսքան տանջանքը,
Միթե սա՞ է, տեր, քո տված կյանքը.
Միթե ա՞յս էր ինձ համար պատրաստված,
Ի՞նչ արի քո դեմ, անարդար աստված։

X

Գնաց ու գնաց, չըդարձավ կրկին .
Բայց, ահա, մի օր նկատեց Մեհրին,
Որ հեռվից մի բան սևին է տալիս.
«Ղարիբությունից ոքմին է գալիս»,
Մտքումն ասաց Մեհրին և ծովծով
Աչքերի արցունքը սրբեց գոգոնոցով։
Սիրտը սկսեց արագ բաբախել,
Վաղուց էր, խեղճ կինն այդպես չէր եղել։
«Օ՜, տառապածի ողորմած աստված»,
Մրմնջաց Մեհրին աչքերը լցված,
Ուրախությունից արցունքը հետին
Ցավերը պիտի ողջ թափեր գետին։
Արդեն եկավորն եկավ մոտեցավ,
Քանի մոտեցավ այնքան շատացավ.
Եվ ահա, մի խումբ թուրք ավազակներ,
Գյուղը քանդեցին, արին տակն ու վեր.
Լեղապատառ տուն ընկած Մեհրուն
Տանից հանեցին, նստեցրին ձիուն.
Նրա ալևոր սկեսրարն ընկավ
Թուրքերի սրից և իսկույն հանգավ․
Ծերի անեծքի հետ ի միասին
Տարան թուրքերըն յուր խոնարհ հարսին։

XI

Ճամփա է տանում դեպի Հայաստան.
Այն ճամփու վրա կա մի գերեզման,
Գերեզմանի մոտ մի ծառ է կանգնած.
Այն հովանու տակ ահա մի հոգնած
Ձիավոր իջավ, և նորա թարքին,
Իրան փաթաթված, նստած էր մի կին.
Եվ տղամարդը զենքերում կորած,
Կանաչ խոտերում երբ ձիուն թողաց,
Դարձավ դեպի այն վաստակած կինը,
Ցույց տալով մատով, մոտիկ շիրիմը.

― Մեհրի, ճանաչի՛ր իգիթ օսմանին.
Նայիր առաջիդ այդ գերեզմանին.
Այդտեղ թաղած է, մի քանի տարի
Առաջ, իմ ձեռքով մեռած գյավուրի
Հոտած մարմինը. երբ որ նրան ես
Թալանում էի, հայհոյում էր մեզ։
Շատ համարձակ էր այն լիրբ գյավուրը,
Բայց երբ Օսմանի կտրուկ կեռ թուրը
Նրա գլուխը ուսերից պոկեց,
Էլ բան չըխոսեց և խելոք պառկեց։
Գրպանում, ծոցում ոչինչ չըգտա,
Աղքատի մինն էր, միայն այս առա.
Ասաց գրպանից հանեց ղայլուխը,
Մեհյու արյունը տվեց գլուխը.

― Ես պիտի քնեմ, Մեհրի, դու մնա,
Լավ նայի՜ր, որ ձին հեռու չըգնա.
Մինչև հովն ընկնի, այնպես վեր կենանք,
Աստըծուն կանչենք, մեր ճամփեն գնանք։

XII

Մեհրին քարացած, որպես շանթահար
Այն գերեզմանին նայում էր երկար
Ուշքը վերացած, ոչինչ չէր տեսնում.
Ուրիշ երկրում էր ականջին հասնում
Անլուռ աղմուկը մոտիկ առվակի ,
Արձագանքն իրանց պատող ծմակի.
Այնինչ աչքերը փայփայում էին
Զվարթ երեսով առողջ Մհեին։
Նայում էր Մեհրին, նայում էր միայն,
Եվ ահա բարակ, ողորմուկ մի ձայն
Հասավ ականջին այն գերեզմանից. -
«Առ իմ այրունը, Մեհրի, Օսմանից»։
Սարսափեց, դողաց ու միանգամից,
Ինչպես որ հանկարծ զարթնում են քնից,
Սթափվեց Մեհին, նայեց դես ու դեն,
Ինչպես նայում է վախեցած երեն,
Եվ մի միտք նրա դեմքն այլայլեց. -
Խոշոր աչքերում վրեժը փայլեց,
Վայրենի ձևով, զգույշ ու կամաց
Մի քանի քայլով թուրքին մոտ գնաց
Ձեռքերը փռած, քնած էր թուրքը,
Ծանր ու երկար շնչում էր կուրծքը.
Կամաց խանչալը պատենից քաշեց,
Օսմանը հանկարծ բազուկը շարժեց
Թեթև թռիչքով ետ թռավ Մեհրին,
Խանչալը պահեց գոգնոցի տակին
Եվ անշարժ մնաց, մինչև որ դարձյալ
Օսմանը սկսեց հանգիստ խռըմփալ։
Փայլեց պողպատը վառ արևի տակ.
Եվ Մեհրին, ինչպես հոգեհան հրեշտակ,
Խանչալը ձեռքին մնաց խոր քնած
Իգիթի գլխին մի րոպե կանգնած.
Դարձյալ դես ու դեն խենթի պես նայեց,
Զգույշ կորացավ, շունչն իրան պահեց,
Խանչալի ծայրը դնելով կրծքին
Յուր բոլոր ուժով հարեց դաստակին։
Օսմանը գոռաց, վեր թռավ տեղից,
Մեհրին սարսափած փախս առավ վախից.
Վագրի թռիչքով ցատկեց Օսմանը,
Հասավ ու բռնեց թիկունքի ծամը.
Ետ դարձավ Մեհրին ահից կատաղած,
Դարձյալ թուրքի դեմ խանչալը շողաց,
Մռնչաց ուժգին. մազերը թողած,
Կրակոտ աչքերն արյուն կոխած,
Կիսաշունչ թուրքը թուրը պտտեց.
Ծղրտաց Մեհրին, աչքերը մթնեց.
Վայր իջավ թուրը, նրա հետ Մեհրին
Մի թույլ ճիչ հանեց, խանչալը ձեռքին,
Կուրծքը պատառած, արյունաթաթավ,
Մհեի շիրիմի վրա վայր ընկավ.
Վայր ընկավ նաև Օսմանը,
Եվ երեք դարձավ մի գերեզմանը։
Դեռ իրար կողքի հանգչում են այնտեղ
Չար սպանողն ու սպանվողն անմեղ.
Եվ ամեն տարի գարունը գալով
Հավասար պճնում է նրանց դալարով։
Կատեգորիա: Պոեմներ | Ավելացրեց: Admin (09.04.2012)
Դիտումներ: 720 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

View: / Added by: / Date: