Գլխավոր էջ » Հոդվածներ » Բալլադներ

ԼՈԻՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա՛ր դարեր
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին.
Եվ ոչ քամին կըհանգցընի՝
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, —

Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես՝ աստծո աչքը պայծառ.
Հըսկում է ցած երկրնքից:
Կատեգորիա: Բալլադներ | Ավելացրեց: Admin (09.04.2012)
Դիտումներ: 598 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

View: / Added by: / Date: